Պատվաստումից հետո Գիյեն-Բարեի համախտանիշի զարգացման ռիսկը 3,8 անգամ ավելի ցածր է, քան COVID-19-ից հետո. հետազոտություն

23:25   27 հոկտեմբերի, 2021

Պատվաստումից հետո ծանր նյարդաբանական վիճակի, ներառյալ Գիյեն-Բարեի համախտանիշի զարգացման ռիսկը 3,8 անգամ ավելի ցածր է, քան COVID-19-ից հետո։ Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

Միջին եւ ծանր COVID-19-ով պացիենտների մեծ մասը բախվում է առնվազն մեկ նյարդաբանական ախտանիշի, իսկ ոմանց մոտ ախտորոշվում է Գիյեն-Բարեի համախտանիշ, երբ իմունային համակարգը սկսում է հարձակվել սեփական նյարդային բջիջների վրա: Սա հանգեցնում է մկանների թուլության, իսկ ծանր դեպքերում՝ կաթվածի։ Սակայն նման բարդություններ երբեմն առաջանում են պատվաստումից հետո:

COVID-19-ից եւ պատվաստումից հետո նման վիճակների զարգացման ռիսկերը համեմատելու համար Օքսֆորդի համալսարանի հետազոտողները վերլուծել են ավելի քան 32 միլիոն բրիտանացիների տվյալները, ովքեր ստացել են Pfizer եւ AstraZeneca պատվաստանյութերի առնվազն մեկ չափաբաժին: Այս խմբում ավելի քան 1,8 միլիոն մարդ մինչեւ պատվաստումը հիվանդացել է կորոնավիրուսով:

Գիտնականների տվյալներով՝ պատվաստվածների թվում Գիյեն-Բարեի համախտանիշի հաճախականությունը կազմել է 38 դեպք՝ 10 միլիոն մարդու հաշվով։ COVID-19-ով հիվանդացածների թվում 3,8 անգամ ավելի է՝ 145 դեպք՝ 10 միլիոնից։

Գիտնականները նաեւ պոտենցիալ կապ են հայտնաբերել Pfizer-ով պատվաստումների եւ հեմոռագիկ ինսուլտի զարգացման միջեւ, սակայն խոստովանել են, որ վերջնական եզրակացություն անելու համար բավարար տվյալներ չկան։

Հեղինակների խոսքով՝ պատվաստումների բոլոր կողմնակի ազդեցությունները բացարձակապես անհամեմատելի են COVID-19 կորոնավիրուսային վարակի բազմաթիվ բարդությունների հետ։ Մասնավորապես, գիտնականները հիվանդների խմբի մեջ հայտնաբերել են այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են Բելի կաթվածը, ենթապարախնոիդային արյունահոսությունը, էնցեֆալիտը եւ միաստենիան:



© NEWS.am Medicine