Գիտնականները գնահատել են մեզենխիմալ ցողունային բջիջների կիրառմամբ COVID-19-ի բուժման մեթոդի արդյունավետությունը

16:44   28 հոկտեմբերի, 2021

Մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործմամբ բուժման մեթոդը բարելավում է առողջական վիճակը եւ հաջող ելքը կորոնավիրուսային վարակից։ Սա հաստատել է այդ մեթոդի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Այդպիսի բուժման արդյունավետությունը գնահատվում է հետազոտողների միաջզգային թիմի հոդվածում, որը հրապարակվել է Cell Research ամսագրում։

2020թ. փետրվարին գիտնականները նկատել են, որ մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործումը 7 պացիենտի մոտ հանգեցրել է վարակի ախտանշանների թուլացման եւ կրճատել ապաքինման ժամանակը։ Կլինիկական փորձարկումների երկրորդ՝ միակողմանի կույր ռանդոմացված պլացեբո-կառավարելի փուլին մասնակցել է 58 պացիենտ։ Նրանցից 21-ի մոտ COVID-19-ն ընթացել է ծանր, 6-ը ծայրահեղ վիճակում է եղել։ Բոլոր մասնակիցներին բաժանել են երկու հավասար խմբերի՝ 29-ական մարդով, մեկն ստացել է ցողունային բջիջներ, մյուսը՝ պլացեբո-աղի լուծույթ։

Ցողունային բջիջների կիրառումը արագ եւ էապես բարելավում էր կանխատեսումը ծանր հիվանդ եւ ծայրահեղ ծանր պացիենտների համար, ինչպես նաեւ թեթեւացրել էր COVID-19-ի ախտանշանները։ Կրծքավանդակի օրգանների զննումը ցույց է տվել այդ պացիենտների էական բարելավում պլացեբոյով խմբի համեմատ։ Բացի այդ, թերապիան նվազեցրել է հիվանդների հիվանդանոցում  գտնվելու ժամանակը՝ 11 օր վերահսկվող խմբի 15-ի փոխարեն։ Փորձնական խմբում պացիենտներից ոչ ոք չի մահացել (պլացեբոյով խմբում մահացել է մոտ 7 տոկոսը), եւ նրանք բոլորը դուրս են գրվել առանց նկատված կողմնակի էֆեկտների։

Գիտնականների խոսքով՝ մեզենխիմալ ցողունային բջիջներով բուժումը իջեցրել է կորոնավիրուսային վարակի բնութագրական մարկերների՝ C-ռեակտիվ սպիտակուցի եւ բորբոքային ցիտոկինների մակարդակը։ Պացիենտների առանձին բջիջների ՌՆԹ սեքվենավորումը ցույց է տվել, որ ցողունային բջիջներն արդյունավետորեն մոդուլացնում են մարդու իմունային պատասխանի շատ մեխանիզմներ։ Այսպիսի բուժման ժամանակ պացիենտների մոտ ավելի երկար են պահպանվել կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմինները։ Ավելին, ի հաշիվ պլազմայում նեյտրոֆիլային արտաբջջային ծուղակների պարունակության նվազման՝ պացիենտների մոտ պակասել է թրոմբոզի դեպքերի թիվը։



© NEWS.am Medicine