Ինչպե՞ս սենդվիչները պակաս վնասակար դարձնել կազմվածքի համար

16:32   20 նոյեմբերի, 2021

Կազմվածքի պահպանման համար հարկավոր չէ ամբողջությամբ հրաժարվել սենդվիչներից, սակայն դրանք ավելի քիչ վնասակար դարձնելը միանգամայն հնարավոր է։ Նման կարծիք է հայտնել սննդաբան-սրտաբան Ասիյաթ Խաչիրովան (Ռուսաստան)։

Ինչպես հաղորդում է «Մոսկվա 24» հեռուստաալիքի կայքը, լիարժեք սնունդը, ըստ մասնագետի, պետք է ներառի սննդանյութերի բոլոր խմբերը՝ չլուծվող բջջանյութեր, սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրեր։ Դիետոլոգի խոսքով՝ միանգամայն հնարավոր է պատրաստել սենդվիչ, որը կպարունակի բոլոր անհրաժեշտ մակրոէլեմենտները, որից հետո ավելորդ քաշ չեք հավաքի։

Ածխաջրերը, ինչպես նշեց մասնագետը, կարելի է ստանալ հացից, մինչդեռ ցանկալի է ամբողջական հացահատիկի ալյուրից պատրաստված մթերքներ ընտրել։ Եփած միսը, ձուկը, պանիրը կամ խավիարը կարող են սպիտակուցի աղբյուր լինել սենդվիչի մեջ: Խաչիրովան խորհուրդ չի տալիս երշիկ ուտել, քանի որ այն, ինչպես եւ երշիկեղենը, խորը վերամշակված արտադրանք է։

«Ըստ առողջ սնվելու ստանդարտների՝ այս մթերքները պետք է կազմեն ձեր սննդակարգի ոչ ավել, քան մեկ տոկոսը: Հաճախ երշիկեղենով սենդվիչներ օգտագործելով՝ դուք ձեզ ավելորդ կիլոգրամներ եւ նյութափոխանակության խանգարումների մեծ ռիսկ եք նվիրում»,- ասել է մասնագետը։

Ավանդաբար կարագը ճարպի աղբյուր է համարվում սենդվիչի մեջ, սակայն այն կարելի է փոխարինել ավելի քիչ ճարպային այլընտրանքով՝ կաթնաշոռի եւ ավոկադոյի կտորների տեսքով: Սննդաբանը խորհուրդ է տալիս նաեւ հացը թրջել ձիթապտղի յուղով։

Սենդվիչն ավելի օգտակար դարձնելու եւ մանրաթելով հագեցնելու համար Խաչիրովան խորհուրդ է տալիս դրան բանջարեղեն՝ հազարի տերեւներ, վարունգի կամ լոլիկի կտորներ, ցուկկինի, սմբուկ կամ բուլղարական պղպեղ ավելացնել։ Սննդաբանի խոսքով` իր բաղադրատոմսով պատրաստված սենդվիչը չափավոր օգտագործման դեպքում չի փչացնի կազմվածքը եւ էներգիա կհաղորդի:




© NEWS.am Medicine