Ինչպո՞վ է սուրճն օգտակար ուղեղի աշխատանքի համար

09:44   23 նոյեմբերի, 2021

Սուրճն ու թեյը նվազեցնում են ինսուլտի եւ դեմենցիայի առաջացման վտանգը։ Նման եզրակացության են եկել Տյանցզինի բժշկական համալսարանի չինացի գիտնականները։ Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են PLOS Medicine ամսագրում։

Մասնագետներն ուսումնասիրել են 365.682 մարդու տվյալներ, որոնցից 5079-ի մոտ 14 տարվա ընթացքում դեմենցիա է առաջացել, իսկ 10.053-ը ինսուլտ է տարել։ Վերլուծելով հավաքագրված տվյալները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական 2-3 բաժակ սուրճ կամ 3-5 բաժակ թեյ են խմում (կամ երկուսն էլ՝ օրական մինչեւ 6 բաժակ), ինսուլտի եւ դեմենցիայի զարգացումը պակաս հավանական է: Հետազոտությունը ցույց է տվել, որ նման մարդկանց մոտ ինսուլտի ռիսկը 32 տոկոսով ցածր է, իսկ դեմենցիայինը՝ 28 տոկոսով:

Արդյունքները զգալիորեն ավելի վատ էին նրանց դեպքում, ովքեր չեն օգտագործել այս ըմպելիքները:

Գիտնականների խոսքով՝ սուրճի ու թեյի չափավոր օգտագործումը կապված է եղել ինսուլտի եւ դեմենցիայի ցածր ռիսկի հետ:



© NEWS.am Medicine