Մեծ Բրիտանիայում չղջիկների մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել

17:40   24 նոյեմբերի, 2021

RhGB01 նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է բրիտանական պայտավոր չղջիկների մոտ։ Թեեւ այս վիրուսը վտանգ չի ներկայացնում մարդկանց համար, սակայն կա այս եւ նմանատիպ վիրուսների SARS-CoV-2-ի հետ համադրման վտանգ, ինչը կարող է հանգեցնել մարդկանց շրջանում վարակների նոր բռնկման։

Մեծ Բրիտանիայի ինֆեկցիոն ազգային ծառայության (National Infection Service) մասնագետների այս բացահայտումները հաղորդվում են Research Square ամսագրում հրապարակված հոդվածում։ Ըստ Lenta.ru-ի՝ SARS-CoV-2-ի բնական աղբյուրը դեռեւս անհայտ է, սակայն ենթադրվում է, որ վիրուսի նախորդը, որն առաջացրել է COVID-19 համաճարակը եւ դարձել է ամբողջ աշխարհում ավելի քան 5 միլիոն մարդու մահվան պատճառ, սարբեկովիրուսն է ասիական պայտավոր չղջիկների կամ ռինոլոֆիդների մոտ:

Քանի որ ռինոլոֆիդների բնակավայրն ընդգրկում է ամբողջ աշխարհը, վտանգ կա, որ նոր SARS-անման վարակ կարող է առաջանալ: Հետազոտողները ցանկացել են պարզել, թե արդյոք Մեծ Բրիտանիայում բնակվող Rhinolophus hipposideros տեսակի չղջիկները սարբեկովիրուսների կրողներ են: Կղանքի նմուշներ են վերցվել 2020 թվականի օգոստոս-սեպտեմբերին բռնված, Սոմերսեթ, Գլոսթերշիր եւ Մոնմութշիր շրջաններում գտնվող 53 չղջիկներից։ Նմուշներից առանձնացվել է գենետիկ նյութ եւ վերլուծվել վիրուսային РНК-ի առկայությունը: Վերակառուցված վիրուսային գենոմներն այնուհետ համեմատվել են կենսաբանական տվյալների բազաներում պահվող հաջորդականությունների հետ:

Գիտնականները հայտնաբերել են անհայտ սարբեկովիրուս, որը նրանց կողմից նշանակվել է RhGB01 (Rhinolophus hipposideros, Great Britain 01): Նրանք վերականգնել են կորոնավիրուսի РНК-ի 85%-ը, եւ պարզվել է, որ նրա գենոմը մոտ 80%-ով նման է SARS-CoV-2-ի գենոմին։   



© NEWS.am Medicine