Որքանո՞վ է COVID-19-ը վտանգավոր թուլացած իմունիտետով երեխաների համար

23:20   24 նոյեմբերի, 2021

Խրոնիկ հիվանդությունների դեպքում խախտված իմունային արձագանք ունեցող երեխաները կարող են այնքան խոցելի չլինել կորոնավիրուսի հանդեպ, որքան նախկինում կարծում էին։ Նոր ուսումնասիրության արդյունքում այսպիսի եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները։

Medportal.ru-ն հայտնում է, որ Սաութհեմփթոնի համալսարանական հիվանդանոցի գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի 46 հիվանդանոցներում տարբեր քրոնիկ հիվանդությունների հետ կապված բուժզննում անցնող մինչեւ 19 տարեկան ավելի քան 1500 մանուկ պացիենտների բժշկական քարտերը: Վերլուծությունը ներառում է շաքարային դիաբետով, գաստրոէնտերոլոգիական, ուռուցքաբանական, երիկամային, շնչառական եւ այլ հիվանդություններ ունեցող երեխաների։

Մեկ տարվա ընթացքում կամավորները հարցաթերթիկներ են լրացրել իրենց ինքնազգացողության եւ COVID-19-ի հնարավոր ախտանիշների վերաբերյալ, ինչպես նաեւ պարբերաբար ՊՇՌ թեստավորում են անցել եւ հակամարմինների անալիզներ հանձնել: Արդյունքում 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի մարտը 38 հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, այս ընթացքում Մեծ Բրիտանիայում համաճարակի 2 հզոր ալիք է անցել։ Հիվանդանոց է ընդունվել 4 երեխա, սակայն նրանցից ոչ մեկի մոտ լուրջ բարդություններ չեն եղել։ Մահվան դեպքեր նույնպես չեն գրանցվել։ Գիտնականների կարծիքով՝ ամենից շատ վարակվել են իմունային անբավարարություն ունեցող դեռահասները։

Մյուս կողմից, թուլացած իմունիտետ ունեցող երեխաների մոտ, ի տարբերություն առողջ երեխաների, սերոպոզիտիվությունը, այսինքն՝ չեզոքացնող հակամարմինների արտադրությունն, ավելի ցածր է եղել։ Այսպես, հետազոտության ընթացքում ՊՇՌ թեստի դրական պատասխան ստացած պացիենտների շրջանում իմունային պատասխան է ձեւավորվել միայն 50%-ի մոտ, իսկ նախկինում COVID-19 տարածների շրջանում՝ միայն 4%-ի մոտ:

Հետազոտության հեղինակները կոչ են արել այս արդյունքները մեծ զգուշությամբ մեկնաբանել, քանի որ կորոնավիրուսային վարակի ախտանիշները հայտնել են իրենք՝ մասնակիցները, այլ ոչ թե բժիշկները։ Բացի այդ, գիտնականները հնարավոր են համարում, որ զեկույցներում տեղ գտած որոշ տվյալներ կարող են ուռճացված կամ ընդհակառակը՝ թերագնահատված լինել։



© NEWS.am Medicine