COVID-19-ով հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 3.5 տոկոսն է պատվաստված. Նախարար

12:23   29 նոյեմբերի, 2021

Հայաստանում COVID-19-ով հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 3.5 տոկոսն է պատվաստված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ Հայաստանում գրանցված է COVID-19-ի 13 562 ակտիվ դեպք, որոնցից 1092-ը (8.1 տոկոսը) պատվաստված են: Հոսպիտալացված 2900 քաղաքացիներից 102-ն են պատվաստված՝ ընդամենը 3.5 տոկոսը: Ծանր վիճակում գտնվող պացիենտներից ընդամենը 9-ն են պատվաստված:

Նախարարի խոսքով, Հայաստանի մեծահասակ բնակչության 21.8 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ: Նոյեմբերի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 միլիոն 217 հազար 391 քաղաքացի։

Առաջին դեղաչափը ստացել է 781 011 քաղաքացի՝ մեծահասակ բնակչության 39 տոկոսը: Երկրորդ դեղաչափը ստացել է 436 380 քաղաքացի՝ մեծահասակ բնակչության 21.8 տոկոսը:



© NEWS.am Medicine