Կորոնավիրուսի դեմ պատվաստված, բայց COVID-19-ից մահացած 23 քաղաքացիները 70-ից բարձր էին, ունեին քրոնիկ հիվանդություններ. Անահիտ Ավանեսյան

12:39   29 նոյեմբերի, 2021

Հայաստանում COVID-19-ից մահվան 23 դեպք է գրանցվել կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափով պատվաստված քաղաքացիների շրջանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այդ քաղաքացիները, Ավանեսյանի խոսքով, 70-ից բարձր էին, ունեին քրոնիկ հիվանդություններ, այդ թվում շաքարային դիաբետ, չարորակ հիվանդություններ, սրտի իշեմիկ հիվանդություն, լյարդի ցիռոզ, բարձր ճնշում եւ այլ խնդիրներ:

Նախարարի խոսքով, նման հիվանդություններ ունեցող քաղաքացիները COVID-19-ը առավել ծանր են տանում եւ վատ ելքի ավելի մեծ ռիսկ ունեն, սակայն չպատվաստվելու դեպքում այդ ռիսկերը շատ ավելի մեծ են:

Հիշեցնենք, որ Հայաստանում COVID-19-ով հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 3.5 տոկոսն է պատվաստված: Այս պահի դրությամբ Հայաստանում գրանցված է COVID-19-ի 13 562 ակտիվ դեպք, որոնցից 1092-ը (8.1 տոկոսը) պատվաստված են: Հոսպիտալացված 2900 քաղաքացիներից 102-ն են պատվաստված՝ ընդամենը 3.5 տոկոսը: Ծանր վիճակում գտնվող պացիենտներից ընդամենը 9-ն են պատվաստված:



© NEWS.am Medicine