Հունվարի 1-ից սննդի օբյեկտներ կկարողանան մուտք գործել միայն պատվաստված կամ բացասական ՊՇՌ թեստով քաղաքացիները. Ավանեսյան

13:16   29 նոյեմբերի, 2021

Հունվարի 1-ից սննդի օբյեկտներ եւ մշակութային միջոցառումներ կկարողանան մուտք գործել միայն պատվաստված կամ բացասական ՊՇՌ թեստով քաղաքացիները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու համար նոր սահմանափակումները ոչ միայն քննարկվում են, այլ արդեն նախագծի տեսք ունեն եւ շրջանառվում են: Մասնավորապես, նախատեսվում է հունվարի 1-ց հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, համերգներ եւ մի շարք այլ վայրեր մուտքը թույլատրել միայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու կամ բացասական ՊՇՌ թեստ ունենալու դեպքում:

«Մենք հասկացնում ենք, որ, այո, այս սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց մենք, նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների դիմել: Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, պիտի հավաստեն ՊՇՌ բացասական տեստով իրենց մուտքը», - ասաց նախարարը:



© NEWS.am Medicine