Որ հատապտուղը կօգնի բարելավել հիշողությունը եւ տրամադրությունը

09:48   1 դեկտեմբերի, 2021

Հապալասի կանոնավոր օգտագործումը կարող է բարելավել հիշողությունը եւ դրական ազդեցություն ունենալ ընդհանուր առմամբ գլխուղեղի աշխատանքի վրա։ Նման կարծիք է հայտնել բժիշկ-սննդաբան Էմմա Դերբիշիրը (Մեծ Բրիտանիա)։

Fruitnet-ը պատմում է, որ մասնագետը հղում է անում International Journal of Food Science and Nutrition ամսագրում հրապարակված նոր հետազոտությանը, որը ցույց է տալիս, որ հապալասի կանոնավոր օգտագործումը կարող է դրականորեն ազդել երեխաների եւ երիտասարդների հիշողության եւ ճանաչողական ֆունկցիաների վրա:

Մեծահասակների եւ տարեցների համար հապալասը նույնպես շատ օգտակար է, քանի որ այն դանդաղեցնում է ճանաչողական կարողությունների (հիշողություն, ընկալում, տրամաբանություն, երեւակայություն) տարիքային անկման տեմպերը։ Բացի այդ, հատապտղի մեջ պարունակվող նյութերն օգնում են ավելի լավ վերահսկել տրամադրությունը, ինչը կարեւոր է դեպրեսիայի եւ տագնապայնության դեմ պայքարում։

«Հապալասը պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, օրինակ՝ անտոցիաններ, որոնք դրական են ազդում մտավոր ակտիվության վրա։ Հատապտուղները հեշտ է ներառել սննդակարգում՝ ավելացնել շիլաների մեջ, հյութ, սմուզի պատրաստել կամ պարզապես ուտել դրանք որպես առողջ նախուտեստ»,- ասել է Դերբիշիրը:

Մասնագետը խորհուրդ է տալիս օրական մոտ մեկ բաժակ հապալաս ուտել կամ այդ հատապտղի համարժեք քանակությամբ հյութ խմել։



© NEWS.am Medicine