Ինչպե՞ս վարսակն ավելի օգտակար դարձնել կազմվածքի համար

17:45   30 նոյեմբերի, 2021

Ինչպե՞ս նախաճաշի վարսակն ավելի սննդարար եւ օգտակար դարձնել ձեր կազմվածքի համար: Այս մասին իր խորհուրդներով է կիսվել սննդաբան Լաուրա Բուրակը (ԱՄՆ)։

Ինչպես հաղորդում է Eat This, Not That!-ը, վարսակը հարուստ է ածխաջրերով եւ ճարպեր կամ սպիտակուցներ չի պարունակում, ուստի այն շատ արագ է յուրացվում: Դա կարող է արյան մեջ շաքարի մակարդակի տատանումների հանգեցնել, ինչն իր հերթին սովի զգացողության է հանգեցնում: Հագեցվածության զգացումն էլ ավելի կարճատեւ է դառնում, եթե ճաշատեսակի մեջ օշարակ կամ շաքար ավելացնել։

Մասնագետի խոսքով` ինքն ամենեւին կոչ չի անում հրաժարվել վարսակից. պարզապես կարելի է այն ավելի սննդարար դարձնել սպիտակուցի միջոցով։

«Կարող եք վարսակին սպիտակուց ավելացնել կամ այն որպես գարնիր ուտել: Դա կարող է լինել, օրինակ, ձուն, ընկույզը, արեւածաղկի սերմերը, գետնանուշի կարագը, մածունը, սպիտակուցի փոշին, կաթնաշոռը կամ ցանկացած այլ սպիտակուց, որը ձեզ դուր է գալիս»,- ասել է Բուրակը:

Նրա խոսքով` վարսակը սպիտակուցի հետ ամբողջական կերակուր կդառնա, որը կարող է օգնել կայունացնել շաքարի մակարդակն արյան մեջ եւ երկարաձգել հագեցվածության զգացումը, ասել է նա:



© NEWS.am Medicine