Ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի օմիկրոն շտամը

15:30   1 դեկտեմբերի, 2021

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հիմնական վտանգն այն է, որ դրանում կուտակվել են մեծ թվով մուտացիաներ, ընդ որում այն հատվածներում, որոնց սովորաբար կցվում են մարդու օրգանիզմի կողմից արտադրվող հակամարմինները։ Սա կարող է հանգեցնել նրան, որ այլ շտամների դեմ արդեն ձեւավորված իմունիտետն արդյունավետ չի լինի օմիկրոնի դեմ: Այս մասին Լենտա․ռու-ին ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (Վիրջինիա, ԱՄՆ)  համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան։ 

«Կա կորոնավիրուսի S-սպիտակուց (փուշ): Այն ունի ընկալիչներ կապող տիրույթ (RBD), որի միջոցով վիրուսը ներթափանցում է մարդու բջիջներ: Դա այնպիսի կոճակ է, որը դուրս է մնում S-սպիտակուցից, եւ դրան կպչում են չեզոքացնող հակամարմիններ: Հենց այդ կոճակի վրա կա տասը մուտացիա»,-ասել է մասնագետը։

Նա հիշեցրել է, որ օմիկրոն շտամով հիվանդները, ովքեր հոսպիտալացվել էին Հոնկոնգում, արդեն ամբողջությամբ պատվաստվել են: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հին պատվաստանյութերի կողմից ձեւավորված իմունիտետը կարող է արդյունավետ չլինել օմիկրոնի դեմ:

Հիշեցնենք, որ B.1.1.529 ծածկագրով կորոնավիրուսային շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 11-ին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն ճանաչել է վտանգավոր եւ նախազգուշացրել COVID-19-ից ապաքինվածներին օմիկրոնով հնարավոր վարակման մասին։



© NEWS.am Medicine