Օգտակա՞ր է արդյոք, թե՞ վնասակար սուրճից լիովին հրաժարվելը

11:37   5 դեկտեմբերի, 2021

Արժե՞ արդյոք լիովին հրաժարվել սուրճից: Այս հարցի մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Սվետլանա Պանչենկոն (Ռուսաստան).

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում մասնագետը հիշեցրել է, որ մեծ քանակությամբ սուրճ խմելը բացասաբար է անդրադառնում լյարդի, ենթաստամոքսային գեղձի եւ ճնշման վրա։

«Բոլորին խորհուրդ եմ տալիս առնվազն երկու շաբաթով հրաժարվել սուրճից (որպես փորձ): Այն կարող է զգալիորեն խաթարել ստամոքսի սեկրեցիան, հետեւաբար սննդից ստացված սպիտակուցներն ու երկաթը ավելի վատ կյուրացվեն, իսկ աղիներում ախտածին միկրոֆլորան, ընդհակառակը, կսկսի աճել»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ որ որոշ մարդկանց մոտ կոֆեինը լեղու արտազատում է առաջացնում: Փորկապությամբ տառապողների համար ազդեցությունը դրական կլինի, մյուս կողմից՝ սննդի չափազանց արագ անցումը թույլ չի տալիս աղիքներին դրանից օգտակար նյութեր ներծծել։

Սուրճը նաեւ հայտնի է նրանով, որ խթանում է նյարդային համակարգը եւ բարձրացնում ճնշումը: Հիպոտոնիկների համար սա բարենպաստ ազդեցություն է, մինչդեռ նորմալ ճնշում ունեցող մարդկանց համար հատիկներից ըմպելիքի չարաշահումը սպառնում է սրտանոթային հիվանդությունների առաջացմամբ։

Սննդաբանը հավելել է, որ օրական 2-3 գավաթ բարձրորակ սուրճը կարող է որպես ուրախության հորմոնի՝ սերոտոնինի աղբյուր ծառայել, սակայն չափից ավելի օգտագործման դեպքում կհանգեցնի քնի խանգարումների եւ դյուրագրգռության։ Բացի այդ, կոֆեինը կախվածություն է առաջացնում, եզրափակել է Պանչենկոն։

Նշենք, սակայն, որ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճի չափավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում առողջության վրա:



© NEWS.am Medicine