Մեծահասակների 40%-ը ճարպակալություն կամ ավելորդ քաշ ունի․ ուսումնասիրություն

19:47   2 դեկտեմբերի, 2021

Այսօր մեծահասակների ավելի քան 40%-ը ճարպակալություն կամ ավելորդ քաշ ունի։ Սնվելու մասին ավելի վաղ հրապարակված գլոբալ զեկույցը ցույց է տվել, որ աշխարհում ավելի քան 149 միլիոն երեխա թերաճ է: Երկրները ոչ միայն չեն կարողանում շարժվել դեպի կայուն զարգացում, այլ հետաճ են ապրում։

«Չնայած որոշակի առաջընթացին՝ մարդիկ դեռ թերսնված են»,-ասել է զեկույցի հեղինակ Մարիաքյարա Դի Չեզարեն։ «Ամեն երրորդ կին տառապում է թերսնումից, իսկ յուրաքանչյուր հինգերորդ երեխա իր տարիքի համեմատ թերաճ է»,-ասել է նա։  Ըստ զեկույցի՝ 2010 թվականից ի վեր սխալ սնման հետ կապված մահացությունն աճել է 15%-ով: 

COVID-19-ի հետեւանքները սրել են թերսնման խնդիրը աղքատ երկրների մեծ մասում, քանի որ համաճարակի հետեւանքով ամբողջ աշխարհում 155 միլիոն մարդ ծայրահեղ աղքատության շեմին է հայտնվել։ Այնուամենայնիվ, Արեւմուտքի հարուստ երկրներում եւս իրադրությունը լավ չէ։

Զեկույցում նշվում է, որ մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը դեռ մոտ 50%-ով ցածր է առաջարկվող մակարդակից՝ օրական 4 չափաբաժին, մինչդեռ հատիկաընդեղենի եւ ընկուզեղենի սպառումը ավելի քան երկու երրորդով ցածր է առաջարկվող մակարդակից՝ օրական 2 չափաբաժին։



© NEWS.am Medicine