Ինչո՞վ են վտանգավոր տաք ըմպելիքները ձմռանը

09:45   7 դեկտեմբերի, 2021

Շատերն են սիրում ձմռանը տաք ըմպելիքներ խմել, սակայն խորհուրդ է տրվում դա անել զգուշությամբ, քանի որ տաք ըմպելիքները կարող են վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը, կերակրափողն ու լեզուն։ Այս մասին զգուշացնում է թերապեւտ Լարիսա Ալեքսեեւան (Ռուսաստան)։

Նրա խոսքով, տաք ըմպելիքների օգտագործման պատճառով կարող են զարգանալ աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններ, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել էրոզիայի, գաստրիտի կամ խոցի, եւ նույնիսկ՝ ուռուցքային հիվանդությունների։

Իր հերթին, դիետոլոգ, էնդոկրինոլոգ Ալեքսեյ Կալինչեւը նշել է, որ տաք ըմպելիքների պատճառով լեզվի այրման դեպքում բացասական ախտանշաններն արտահայտվում են 12-24 ժամվա ընթացքում։ Քրոնիկ բորբոքման դեպքում հետագայում քաղցկեղային գոյացությունների զարգացման վտանգ կա։

Տաք ըմպելիքները վտանգավոր են նաեւ ատամների համար, ինչպես նշել է ատամնաբույժ-օրթոդոնտ Մարիա Բալակիրեւան, ատամի էմալը կարող է ճաքել չափազանց տաք ըմպելիքի պատճառով: Պատահում է նաեւ, որ տաք ըմպելիք խմելուց հետո բերանի խոռոչի գրգռման դեպքում ստոմատիտ է առաջանում։

Մասնագետների կարծիքով՝ այս բոլոր հետեւանքներից կարելի է խուսափել, եթե ըմպելիքներն օգտագործվեն 60 աստիճան ջերմաստիճանում։



© NEWS.am Medicine