Պատվաստված եւ օմիկրոն շտամով վարակված մարդկանց մոտ հիվանդության ծանր դեպքեր չեն արձանագրվել. Անահիտ Ավանեսյան

14:03   6 դեկտեմբերի, 2021

Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, պատվաստված եւ օմիկրոն շտամով վարակված մարդկանց մոտ հիվանդության ծանր դեպքեր չեն գրանցվել, ինչպես նաեւ չի արձանագրվել պատվաստանյութերի արդյունավետության անկում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բայց պիտի հասկանանք, որ դեռ հետազոտությունները շարունակվում են, եւ մեկ շաբաթ, 10 օրվա ընթացքում շատ ավելի ամփոփված տեղեկություններ կունենանք», - ասաց նա:

Նախարարի խոսքով, վերջին օրերին COVID-19-ով հիվանդացությունը Հայաստանում նվազում է, սակայն պետք է ամեն ինչ անել՝ նաեւ ապագայում այս գոհացուցիչ ցուցանիշները պահելու համար: Դրա համար ցանկալի է չմոռանալ հակահամաճարակային կանոնների մասին՝ մանավանդ ամանորյա տոների ժամանակ, ինչպես նաեւ պատվաստվել:

Ինչպես նշեց Ավանեսյանը, վերջին մեկ տարվա փորձը ցույց է տվել, որ պատվաստումները իրոք պաշտպանում են եւ անվտանգ են, եւ որեւէ արտառոց դեպք պատվաստման արդյունքում Հայաստանում չի գրանցվել:

Ավանեսյանի խոսքով, Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը արդյունավետ, անվտանգ եւ որակյալ են, եւ դրանք բավարար շեմ են ապահովում՝ քաղաքացիներին ծանր եւ ծայրահեղ ծանր ընթացքից եւ մահից պաշտպանելու համար:



© NEWS.am Medicine