Ինչպե՞ս է արեւի լույսն ազդում ցրված սկլերոզի զարգացման վրա

23:41   14 դեկտեմբերի, 2021

Արեւի լույսի ամենօրյա ազդեցությունը կարող է պաշտպանել ցրված սկլերոզի եւ աուտոիմուն հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները։ Նրանք հետազոտության արդյունքներով կիսվել են Neurology գիտական ​​ամսագրում։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են փորձի` ցրված սկլերոզով 332 մասնակիցի եւ 534 առողջ կամավորի` արեւի ուղիղ ճառագայթների տակ անցկացրած ժամանակը: Ինչպես պարզվել է, նրանց մոտ, ովքեր օրական կես ժամից մինչեւ մեկ ժամ են անցկացնում արեւի տակ, ցրված սկլերոզով հիվանդանալու ռիսկը 52 տոկոսով ավելի ցածր է, քան նրանց մոտ, ովքեր բավարար ժամանակ չեն անցկացնում արեւի տակ:

Արեւի լույսը խթանում է մաշկի իմունային բջիջները, ինչպես նաեւ վիտամին D է սինթեզում, որը պաշտպանում է մարդուն աուտոիմուն հիվանդություններից եւ ամրացնում է օրգանիզմը։

Հարկ է ավելի հաճախ զբոսնել արեւոտ եղանակին, քանի որ դա բարենպաստ ազդեցություն է ունենում առողջության վրա եւ նվազեցնում հիվանդությունների առաջացման վտանգը, նշում են մասնագետները։



© NEWS.am Medicine