Գիտնականները շներից առաջացող ալերգիայի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն են ստեղծել

21:35   24 դեկտեմբերի, 2021

Գիտնականները շներից առաջացող ալերգիայի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն են ստեղծում։ Գիտնականները ցանկանում են իմունային համակարգին «սովորեցնել» չեզոքացնել ալերգենը այնպես, ինչպես այն վարվում է վարակների դեպքում։

Շներից առաջացող ալերգիան բավականին տարածված է, այն գնալով ավելի շատ մարդկանց մոտ է հանդիպում ամբողջ աշխարհում: Առաջանում է յոթ տարբեր մոլեկուլներից, որոնք պարունակվում են թքի մեջ եւ կենդանիների մաշկի վրա: Բոլորը կոչվում են Canis familis եւ համարակալված են 1-ից մինչեւ 7: Գրականության մեջ դրանք սովորաբար կարճ անվանում են Can f:

Ինչպես նշել է Medportal.ru-ն, ամենատարածված ալերգենը Can f 1-ն է, որը պատասխանատու է շների ալերգիայի բոլոր դեպքերի 50-75 տոկոսի համար։ Այս սպիտակուցը պարունակվում է թքագեղձերում, լեզվի հյուսվածքներում եւ կենդանիների մաշկի մեջ:

Ալերգիան իմունային համակարգի պաթոլոգիական, աննորմալ ռեակցիան է սպիտակուցին, մեր դեպքում՝ Can f 1-ին: Ալերգենի հետ առաջին շփման ժամանակ օրգանիզմը դրա դեմ արտադրում է E խմբի սպիտակուցներ (IgE): Երբ մարդը նորից է շփվում գրգռիչի հետ, IgE-ն հրահրում է հիստամինի եւ սերոտոնինի արտադրություն, որոնք հնարավոր են դարձնում ալերգիայի ախտանիշները` այտուց, քոր, հազ, կուլ տալու դժվարություն եւ այլն: Սովորաբար, IgE-ն կարեւոր դեր է խաղում օրգանիզմը մակաբույծներից եւ թույներից պաշտպանելու գործում:

Շներից ալերգիայի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար գիտնականները ցանկանում են վարժեցնել իմունային համակարգը, որպեսզի այն ճիշտ արձագանքի Can f 1-ի էպիտոպներին: Դա անելու համար դրանք պետք է նույնականացվեն, մեկուսացվեն եւ տրվեն հիվանդին, ինչպես սովորական հակավիրուսային պատվաստանյութերն են աշխատում:



© NEWS.am Medicine