Նոր մշակումը կօգնի ավելի արդյունավետ ախտորոշել քաղցկեղը վաղ փուլերում

15:44   28 դեկտեմբերի, 2021

Քաղցկեղով հիվանդների ապրելիության մակարդակը հաճախ կախված է նրանից, թե որ փուլում է հայտնաբերվել հիվանդությունը. որքան շուտ սկսվի բուժումը, այնքան մեծ է ռեմիսիայի հասնելու հավանականությունը: 

Ինչպես հայտնում է Ռիդուսը, կաթեպսին B-ն (CTSB) համարվում է քաղցկեղի վաղ ախտորոշման պոտենցիալ բիոմարկեր: Կաթեպսին B-ն ֆերմենտ է, որը ներբջջային ճանապարհով բաժանում է սպիտակուցները:

Բջիջներում կաթեպսին B-ի ակտիվությունը վերահսկելու համար Չինաստանի Գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները մշակել են Cypate-CBT ֆոտոակուստիկ զոնդը, որը թույլ է տալիս վիզուալացնել CTSB էքսպրեսիան:

Ներթափանցելով քաղցկեղի բջիջներ՝ զոնդն ուժեղացնում է ֆոտոակուստիկ համակարգի (PA) ազդանշանը գրեթե 5 անգամ, ինչը հնարավորություն է տալիս էկրանին տեսնել կաթեպսին B-ի ակտիվությունը եւ սկզբնական փուլում բացահայտել օրգանիզմում ուռուցքի առկայությունը։ 

Գիտնականները հույս ունեն, որ Cypate-CBT-ն մոտ ապագայում կօգտագործվի որպես արդյունավետ վաղ ախտորոշման գործիք քաղցկեղի բազմաթիվ տեսակների համար՝ օգնելով հիվանդներին ազատվել հիվանդությունից՝ նախքան դրա անբուժելի դառնալը:



© NEWS.am Medicine