Կորոնավիրուսի պատվաստումից հետո հակամարմինները փոխանցվում են կրծքի կաթի միջոցով. հետազոտություն

18:58   11 հունվարի, 2022

Պատվաստման արդյունքում ստացված SARS-CoV-2 կորոնավիրուսի հակամարմինները ներթափանցում են կրծքի կաթի մեջ։ Դրանք հայտնաբերվում են նաեւ կրծքով կերակրվող երեխաների կղանքում: Այս մասին ասվում է Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարանի մասնագետների նոր հետազոտության մեջ։

Ըստ Medportal.ru-ի՝ նրանք չափել են իմունային պատասխանը COVID-19-ի դեմ mRNA պատվաստանյութին կրծքի կաթում եւ այդ կաթը կերած երեխաների կղանքում: Ինչպես պարզվել է, երեխաների մոտ հակամարմիններ են հայտնվում՝ անկախ տարիքից՝ 1.5-ից 23 ամսական։

«Սա առաջին հետազոտությունն է, որում SARS-CoV-2-ի հակամարմիններ են հայտնաբերվել պատվաստված մայրերի կողմից կերակրվող նորածինների կղանքի նմուշներում: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հակամարմինները փոխանցվում են կրծքի կաթով։ Դա կարող է դրդել կանանց շարունակել կրծքով կերակրելը պատվաստումից հետո», - նշում է հետազոտության առաջատար հեղինակ Վինեշ Նարայանասվամին:

Հետազոտությանը մասնակցել է կրծքով կերակրող 30 կին, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստացել 2021 թվականի հունվար-ապրիլ ընկած ժամանակահատվածում։
Մասնակիցները կրծքի կաթի նմուշներ են տրամադրել պատվաստումից առաջ, պատվաստանյութի առաջին դեղաչափից 2-3 շաբաթ հետո եւ երկրորդ դեղաչափից 3 շաբաթ հետո: Կանայք նաեւ արյան նմուշներ են հանձնել։ Նորածինների կղանքի նմուշները հավաքվել են մայրերի երկրորդ պատվաստումից 21 օր անց:

Բոլոր նմուշները թեստավորվել են ընկալիչ կապող դոմենի (RBD), իմունոգլոբուլինի (Ig) A եւ IgG-ի նկատմամբ հակամարմինների առկայության համար: RBD IgG-ի եւ հակա-RBD IgA-ի նկատմամբ հակամարմիններ հայտնաբերվել են նորածինների կղանքի համապատասխանաբար 33 եւ 30 տոկոսի մոտ:

Հետաքրքիր է, որ հակամարմինների մակարդակը փոխկապակցված է մոր մոտ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների հետ. որքան վատ է զգացել կինը ներարկումից հետո, այնքան բարձր է եղել հակամարմինների մակարդակը նրա երեխայի կղանքում:




© NEWS.am Medicine