Գիտնականների նոր մշակումը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ

20:53   11 հունվարի, 2022

Հելսինկիի համալսարանի գիտնականները միացություն են մշակել, որը կարող է ապաակտիվացնել SARS-CoV-2 կորոնավիրուսի S-սպիտակուցը եւ արդյունավետ կարճաժամկետ պաշտպանություն ապահովել այս վիրուսից։

Ինչպես հայտնում է News Medical-ը, այս հետազոտության նախնական արդյունքները դեռեւս չեն ստուգվել եւ չեն հրապարակվել գիտական ​​ամսագրերում:

TriSb92 միացությունը պաշտպանում է կորոնավիրուսից վարակված անձի հետ շփումից հետո առնվազն 8 ժամ, ավելին, այն արդյունավետ է մնում նույնիսկ վարակման բարձր ռիսկի դեպքում։ Մոլեկուլի ազդեցությունը սկսվում է քթով ներարկումից անմիջապես հետո, ինչով էլ այն էականորեն տարբերվում է պատվաստանյութից: Այն ուղղված է փշանման սպիտակուցի մի հատվածին, որը կապվում է մարդու բջիջների ընկալիչին եւ ապահովում է վիրուսի ներթափանցումը բջջի մեջ:

Գիտնականների կարծիքով՝ TriSb92 միացությունը կարող է նույնիսկ կանխել SARS-ի զարգացումը SARS-CoV-ով վարակման դեպքում, որի բռնկումը սկսվեց 2000-ականների սկզբին։ Դա նշանակում է, որ մոլեկուլը կարող է պաշտպանել ոչ միայն COVID-19-ից, այլեւ կորոնավիրուսների նոր տարբերակների հետեւանքով առաջացած այլ վտանգավոր պոտենցիալ վարակներից։

Ակնկալվում է, որ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որը պատվաստանյութերի հավանական հավելումն է, կսկսվեն գարնանը:




© NEWS.am Medicine