Արտամարմնային բեղմնավորում. ի՞նչ պետք է իմանալ

15:39   15 հունվարի, 2022

Ամբողջ աշխարհում Արտամարմնային բեղմնավորումը բազմաթիվ ամուսնական զույգերի համար երեխա ունենալու միակ տարբերակն է։ Ի՞նչ է ԱՄԲ-ը, ովքե՞ր են դիմում երեխա ունենալու այդ տարբերակին և որքանո՞վ է այն տարածված մեր երկրում։ Այս և այլ հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանի հետ։

Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը

ԱՄԲ-ը օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիա է, որը կիրառվում է անպտղության բուժման նպատակով։ Ինչպես հուշում է անվանումը, այն նախատեսում է բեղմնավորում կնոջ մարմնից դուրս՝ փորձանոթային պայմաններում։ Այսինքն՝ սաղմը ստացվում է փորձանոթում, որից հետո աճեցվում է 3-5 օր լաբորատոր պայմաններում և հետո նոր տեղափոխվում կնոջ արգանդի խոռոչ։

ԱՄԲ պատմությունը՝ աշխարհում եւ ՀՀ-ում

ԱՄԲ իրականացնելու փորձերը ավելի վաղ են սկսվել, բայց առաջին հաջողված փորձը, այսինքն, երբ եղել է հղիություն և ծննդաբերություն, եղել է Անգլիայում 1978 թվականին, երբ լույս աշխարհ եկավ Լուիզա Բրաունը: Հենց նա է համարվում փորձանոթից առաջին երեխան։

Իսկ Հայաստանում աշխատանքները սկսվել են 1996 թվականից, երբ Ֆրանսիայից մի խումբ բժիշկներ եկան Հայաստան: Աշխատանքները սկսվեցին Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի բազայի վրա, պրոֆեսոր Օկոևի գլխավորությամբ։

Բժիշկների երկարատև աշխատանքը իր արդյունքը տվեց 2004 թվականին, երբ մեր երկրում գրանցվեց առաջին ԱՄԲ եղանակով երեխայի ծնունդ։ Ի դեպ, ծնվեց եռյակ՝ 2 աղջիկ և մեկ տղա։ Հենց սա համարվում է մեր երկրում ԱՄԲ պատմության սկիզբը։

Արտամարմնային բեղմնավորում․ միֆեր եւ իրականություն 

Միֆ 1. ԱՄԲ-ից հետո հղիությունը երաշխավորված է:

Ցավոք, ոչ: Բեղմնավորման համար անհրաժեշտ է տասնյակ գործոնների համադրություն: Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները օգնում են բարձրացնել հղիանալու հավանականությունը, սակայն դրանք չեն կարող 100% երաշխիք տալ։

Միֆ 2. ԱՄԲ-ի դեպքում դուք կարող եք ընտրել երեխայի սեռը:

Սաղմի սեռը կարելի է պարզել միայն նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշմամբ (ՆԳԱ), որը կատարվում է միայն բժշկական ցուցումներով: Սեռի ընտրության նպատակով ՆԳԱ կարող է կատարվել տվյալ երկրում գործող օրենքի համաձայն: 

Միֆ 3. ԱՄԲ-ից հետո անպայման զույգ է ծնվում:

Սա կախված է տեղադրվող սաղմերի քանակից: Հիմնականում տեղադրվում է 2 սաղմ, բայց թե քանիսը հաջողությամբ կիմպլանտացվեն և կզարգանան, կախված է մի շարք գործոններից: Հազվադեպ կարող է 1 սաղմը նույնպես կիսվել և այս դեպքում կունենանք միաձվանի երկվորյակներով հղիություն:

Ո՞ր զույգերն են դիմում ԱՄԲ-ի եւ ո՞ր խնդիրներն են մեր երկրում առավել շատ տարածված 

Մասնագետի խոսքով, երեխա ունենալու այս տարբերակին դիմում են անպտուղ զույգերը։ Իսկ զույգը համարվում է անպտուղ, երբ առանց հակաբեղմնավորիչների կանոնավոր սեռական կյանքով ապրելուց մեկ տարի հետո հղիություն չի գրանցվում։

Այդ ժամանակաշրջանը կրճատվում է մինչև 6 ամիս, եթե կինը 35-ից բարձր է, քանի որ այս պարագայում պտղաբերության շանսերը նվազում են, և պետք չէ սպասել մեկ տարի, այլ պետք է ավելի շուտ դիմել բժշկի։

Բայց կան նաև դեպքեր, երբ պետք չէ կես տարի կամ մեկ տարի սպասել։ Դրանք այն դեպքերն են, երբ կինը չունի արգանդ կամ ամուսնու մոտ հայտնաբերվել է այնպիսի խնդիր, որ միայն արտամարմնային բեղմնավորման ճանապարհով է հնարավոր հղիությունը։ Լինում են նաև այլ խնդիրներ, որոնց պարագայում, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է լինում առանց սպասելու դիմել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին։

Անպտղության պատճառներ 

Անպտղությունը կարող է պայմանավորված լինել կանացի գործոններով և տղամարդկային գործոններով՝ մոտավորապես հավասար հավանականությամբ: 30%-ի դեպքերում հայտնաբերվում է կանացի գործոն և նույնքան էլ տղամարդկանց գործոնն է հանդիսանում անպտղության պատճառ։ Կարող է լինել նաև համակցված, այսինքն՝ խնդիրը լինում է թե կնոջ և թե տղամարդու մոտ։ Լինում են նաև դեպքեր, երբ ոչ մեկի մոտ խնդիր չկա, բայց հղիություն չի լինում։ Այս պարագայում գործ ունենք անհայտ ծագման անպտղության հետ, որը նույնպես ենթակա է բուժման։



© NEWS.am Medicine