Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կարող է զուգակցվել ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի ներդրման հետ. փորձագետ

14:22   18 հունվարի, 2022

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կարող է զուգակցվել ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի ներդրման հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը:

Նրա խոսքով, առողջության  ապահովագրության համակարգի ներդրման եւ դրա սահուն աշխատանքի համար շատ կարեւոր է ճիշտ կազմակերպել անձանց նույնականացումը համակարգում:

«Պետք է նույնականացնենք բոլոր անձանց, ովքեր համակարգի շահառու են դառնալու», - նշեց փորձագետ:

Նրա խոսքով, խնդիրը բարդանում է նրանով, որ Հայաստանում չկա համակարգ, որը պարունակում է քաղաքացիների մասին ընդլայնված, ճշգրիտ տվյալներ:

«Գուցե այս համակարգի ներդրումը զուգակցվի ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի ներդրման հետ, որովհետեւ այս համակարգերի զուգակցումը մեզ հնարավորություն կտա ավելի ճիշտ գնահատել եկամուտներից որոշակի ապահովագրավճարների չափերի որոշումը», - նշեց փորձագետը:

Առողջության  ապահովագրության համակարգին անցումը ավելի սահուն իրականացնելու համար, նրա խոսքով, քայլեր են անհրաժեշտ, եւ դրանք Հայաստանում պետք է փուլ առ փուլ իրականացվեն:

Նշենք, որ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանում նախատեսվում է սկսել 2023 թվականից, սակայն դա կախված է նաեւ առաջիկա քննարկումների արդյունքներից:



© NEWS.am Medicine