Կորոնավիրուսը մարդու օրգանիզմում կարող է արթնացնել ռետրովիրուսներ եւ հանգեցնել լուրջ հիվանդությունների. հետազոտություն

19:19   25 հունվարի, 2022

SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է արթնացնել քնած ռետրովիրուսներ մարդու գենոմում, ինչը կհանգեցնի լուրջ քրոնիկական հիվանդությունների առաջացման։ Այսպիսի եզրահանգման է եկել գիտնականների խումբը Ֆրանսիայից, Իսպանիայից եւ Մեքսիկայից։ Նրանց հետազոտության արդյունքների մասին պատմում է medRxiv-ում հրապարակված հոդվածը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի S-սպիտակուցը կարող է արյան բջիջներում ակտիվացնել մարդու էնդոգեն ռետրովիրուսի գենը (HERV), որը կոդավորում է վիրուսային թաղանթների հավաքմանը մասնակցող ENV սպիտակուցը։ ENV սպիտակուցի էքսպրեսիան Т-լիմֆոցիտների վրա մինչ այդ կապում էին ծանր շնչառական դիսթրես-համախտանիշի հետ SARS-CoV-2 ունեցող պացիենտների մոտ, բայց մեխանիզմն անհայտ էր մնում։

Փորձի ընթացքում գիտնականները ավելացրել են ռեկոմբինանտ S-սպիտակուց SARS-CoV-2 ունեցող պացիենտների արյան մոնոնուկլեար բջիջների մեջ։ Արդյունքում՝ նրանք նկատել են ENV կոդավորող գենի ակտիվացում կորոնավիրուսով վարակված մարդկանց 20-30 տոկոսի մոտ։ Դա, հավանաբար, մատնանշում է վարակվածների գենետիկ նախատրամադրվածությունը ENV-ի ակտիվացման եւ շնչառական դիսթրես-համախտանիշի հանդեպ։

Մարդկային գենոմի ավելի քան 1 տոկոսը HERV-W ռետրովիրուսի մնացորդներ են, ինչն ավելի շատ է, քան սպիտակուցը կոդավորող հաջորդականությունները։ Այդ մնացորդների մի մասը ակտիվացման դեպքում կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների, այդ թվում ցրված սկլերոզի։



© NEWS.am Medicine