Ո՞ր մթերքներն են օգտակար հոդերի ամրապնդման համար

20:37   26 հունվարի, 2022

Սխալ սննդակարգը հոդերի հիվանդության հիմնական պատճառներից է։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Սվետլանա Ֆուսը (Ռուսաստան)։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հոդերի առողջությունը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ավելի շատ կալցիումով հարուստ մթերքներ ներառել, քանի որ դրա պակասի դեպքում օրգանիզմը հանքանյութը վերցնում է ոսկրային հյուսվածքից, ինչը կարող է հանգեցնել օստեոպորոզի։

«Կաթնամթերքը, ինչպես գիտենք մանկուց, կալցիումի ամենահասանելի աղբյուրն է»,- ասել է մասնագետը։

Միաժամանակ նա հորդորել է չչարաշահել կաթնամթերքը։

Հոդերի առողջության համար անհրաժեշտ է նաեւ վիտամին D, որը նպաստում է ոսկրերի նորմալ աճին եւ պատասխանատու է ատամների ամրության համար: Այն հանդիպում է ձողաձկան լյարդում, ձվի դեղնուցում, կարագում։

Օրգանիզմին անհրաժեշտ է նաեւ վիտամին C՝ կոլագենի սինթեզի համար, որն ուղղակիորեն ազդում է մաշկի, հոդերի եւ ոսկորների վիճակի վրա։ Այս վիտամինն առկա է ցիտրուսային մրգերի, թթու կաղամբի, հատապտուղների, ինչպես նաեւ կիվիի եւ պղպեղի մեջ: 

Բժիշկը խորհուրդ է տալիս նաեւ օգտագործել սելենով եւ ծծմբով հարուստ մթերքներ։ Նրա խոսքով՝ սելենը մասնակցում է հոդերի սնուցման գործընթացներին։ 

Ծծումբով հարուստ են մսի եւ ձկան բոլոր տեսակները, ինչպես նաեւ  կաթնամթերքը, ձուն,լոբազգիները եւ ձավարեղենը։



© NEWS.am Medicine