Սուր շնչառական վարակներ. ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր մայրիկ

15:36   28 հունվարի, 2022

Ձմռան ամիսներին հաճախ է խոսվում երեխաների շրջանում sուր շնչառական վարակների տարածված լինելու մասին: NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանի հետ՝ պարզելով, թե ինչ են սուր շնչառական վարակները, որ օրգաններն են ախտահարում, որ տարիքի երեխաներն են առավել հակված վարակվելու և որ նշաններին պետք է հատկապես ուշադիր լինեն մայրիկները:

«Սուր շնչառական վարակներն առավելապես վիրուսներով հարուցվո, հիվանդություններ են, որոնց դեպքում ախտահարվում է շնչառական համակարգը՝ առաջացնելով մի շարք հիվանդություններ, ինչպես, օրինակ՝ քթահոսություն, ֆոնզիլիտ (անգինա), ականջի բորբոքում, լարինգոտրախեիտ (կրուպ), բրոնխիտ, թոքաբորբ և այլն: Վարակը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազի կամ փռշտոցի ժամանակ և ձեռքերի միջոցով: Վարակվելու հակված են բոլոր տարիքային խմբերը՝ նորածիններից մինչև տարեցներ»,- նշեց մասնագետը:

Բժշկուհու խոսքով՝ վաղ մանկական տարիքում հիվանդությունը կարող է առավել բարդ ընթացք ունենալ՝ պայմանավորված անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններով.

«Որքան ավելի մանկահասակ է երեխան, այնքան շնչուղիներն առավել կարճ են ու նեղ և բորբոքման պատճառով կարող են արագ զարգացնել շնչառական անբավարարություն: Բարդության մեկ այլ պատճառ է նաև դեղերի ընտրության սահմանափակ լինելը: Մինչև 3 ամսական երեխաների դեպքում, օրինակ, անգամ քթային անոթասեղմիչներ չի թույլատրվում կիրառել»,- ասաց մասնագետը:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ սուր շնչառական վարակները հաճախ հաղթահարվում են առանց հոսպիտալացման և երբեմն նույնիսկ առանց բժշկի միջամտության, սակայն կան ախտանշաններ, որոնք ահազանգ են եւ պիտի դրդեն ծնողներին շտապ մասնագետի դիմել: Դրանցից են՝ հեղուկներից հրաժարումը, դժվարացած շնչառությունը, թուլությունը, քնկոտությունը, մեզի քչացումը, անբացատրելի նվնվոցը կամ լացը, 3 օր և ավելի պահպանվող ջերմությունը։

«Վարակի թեթև դրսևորումներից են քթահոսությունը, եզակի հազը, մինչև 3 օր տևող ջերմությունը, որի արդյունքում երեխայի ակտիվությունն ու ինքնազգացողությունը չեն տուժում: Ծանր դրսևորումներից են վերոնշյալներից դուրս իրավիճակները, երբ հիվանդը կարիք է ունենում հիվանդանոցային հսկողության»,- հայտնեց բժշկուհին: 

Նա նաև տեղեկացրեց, որ ներկայումս ամենատարածվածը A խմբին պատկանող գրիպի վիրուսն է, որն իր ենթատեսակներն ունի: Հանդիպումէ նաև շնչառական սինցիտիալ վիրուսը, քիչ չեն ադենովիրուսն ու կորոնավիրուսը: Թերևս տեղին է ասել՝ առավել հեշտ է կանխարգելելը, քան բուժելը: Կանխարգելման ամենահասանելի և համատարած եղանակներից են ձեռքերի հիգիենան, սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակ կրելը, «հազալու արվեստին» տիրապետելը: Եթե, այնուամենայնիվ, Ձեր փոքրիկը վարակվել է որևէ շնչառական հիվանդությամբ, ապահովեք երեխային անհրաժեշտ հեղուկների ծավալով, խորհրդակցեք Ձեր մանկաբույժի հետ՝ անհրաժեշտ ջերմիջեցնողների դեղաչափերը ճշտելու նպատակով, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, մի օգտագործեք անհարկի հակաբիոտիկներ, որոնք անօգուտ են վիրուսային վարակների դեպքում»,- նշեց բժշկուհին:



© NEWS.am Medicine