Ինչպե՞ս կարող է կաթն ազդել ցրված սկլերոզի վրա

21:43   3 մարտի, 2022

Կովի կաթը կարող է խորացնել ցրված սկլերոզի ընթացքը, հայտնել են Գերմանիայի Բոննի եւ Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի գիտնականները։ Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կովի կաթում առկա կազեին սպիտակուցը կարող է խանգարումներ առաջացնել նյարդային բջիջների արտաքին շերտում։

Մանրադիտակի տակ այս գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տվել նյարդային մանրաթելերը ծածկող միելինային թաղանթի վնաս: Հետազոտողները այնուհետեւ ավելացրել են կազեինի հակամարմիններ մարդու ուղեղի հյուսվածքին: Պարզվել է, որ դրանք կուտակվում են ուղեղում միելինի արտադրության համար պատասխանատու բջիջներում։

Գիտնականները կարծում են, որ ցրված սկլերոզով հիվանդների մոտ ինչ-որ պահի կարող է ալերգիա առաջանալ կազեինի նկատմամբ: Թարմ կաթնամթերքի օգտագործման դեպքում նրանց իմունային համակարգը սկսում է արտադրել մեծ քանակությամբ կազեինի հակամարմիններ՝ միաժամանակ վնասելով միելինային թաղանթը:  

Այնուամենայնիվ, կազեինի նկատմամբ գերզգայունությունը պարտադիր չէ, որ հանգեցնում է հիվանդության զարգացման։



© NEWS.am Medicine