Հայաստանում Շմիդտի համախտանիշով կինը հղիացել եւ առողջ երեխա է ունեցել

10:10   21 ապրիլի, 2022

30-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 9 շաբաթում, Շմիդտի համախտանիշ ախտորոշմամբ, կյանքին սպառնացող վտանգով:

Ինչպես տեղեկացնում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջը, Շմիդտի համախտանիշը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է մակերիկամային անբավարարություն, հիպոպարաթիրեոզ, լիմֆոցիտար թիրեոիդիտ, սեռական հորմոնների անբավարարություն, երբեմն՝ 1-ին տիպի շաքարային դիաբետ:

Այս համախտանիշը, որպես կանոն, առաջացնում է անպտղություն՝ քրոնիկ անօվուլյացիայի ֆոնին: Նույնիսկ բժշկական գրականության մեջ շատ քիչ են նկարագրված  հղիության դեպքերը, իսկ հազվադեպ հղիությունը ռիսկ է կնոջ կյանքի համար:

Հղիությունից առաջ կինը 2 անգամ ծանր ադրենալային կրիզ էր ունեցել՝ ուղեղային արյան շրջանառության սուր խանգարմամբ և բուժում ստացել «Էրեբունի» ԲԿ-ում:

Բացի այդ, նախկինում ունեցել էր մեկ չզարգացող հղիություն և մեկ վիժում: Չնայած այս բոլոր խնդիրներին՝ կինը որոշել էր հղիանալ:

Հղիության ընթացքում կինը գտնվել է բժշկական խիստ հղկողության տակ: Հղիությունը վարել է ծննդատան Կանանց առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Ահարոնյանը: Ամբողջ ընթացքում հղիության ընդհատման մեծ ռիսկ կար, սակայն մասնագետներին հաջողվեց պահպանել այն: 

35 շաբաթական ժամկետում, սակայն, կրկնվել էր ադրենալինային կրիզը, և հղին շտապ հոսպիտալացվել է: Հրավիրվել է կոնսիլիում՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, ծնարանային բաժանմունքի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի եվ մի շարք նեղ մասնագետների մասնակցությամբ: Որոշվել է կատարել կեսարյան հատում շտապ կարգով` կյանքի ցուցումով: Վիրահատությունն իրականացրել են բժիշկներ Տիգրան Հովհաննիսյանը և  Անի Ահարոնյանը՝ անեսթեզիոլոգիայի ծառայության ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ: 

Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների: Լույս աշխարհ է եկել 2 կգ 800 գ քաշով առողջ տղա երեխա:



© NEWS.am Medicine