Գիտնականները հայտարարել են, որ նոր համավարակն անխուսափելի է. ինչպե՞ս պայքարել դրա դեմ

12:39   3 մայիսի, 2022
Ապրիլին պատվաստանյութերի գծով ավելի քան 1000 փորձագետ, բժիշկ, գիտնական հավաքվել էր Վաշինգտոնում։ Նրանք չորս օրում ուսումնասիրում էին բոլոր առաջավոր հետազոտությունները, լուծում պատվաստանյութերի աշխարհի ամենահրատապ հարցերը, գրել է NBC News-ը։
Covid-19-ի դեմ պատվաստանյութերի մասին խոսակցություններն անխուսափելի էին։ Բայց Համաշխարհային կոնգրեսի օրակարգում մեկ այլ առեղծվածային հիվանդության դեմ պատվաստանյութն էր, հիվանդություն, որը կարող է խոցել ցանկացած պահի՝ «X հիվանդություն»։
«X հիվանդությունը» ինչ-որ կոնկրետ վիրուս, մանրէ կամ մեկ այլ միկրոբ չէ, այլ տերմին է, որն օգտագործվում է որպես այն պաթոգենի անվանում, որը Երկիր մոլորակը ճանկերի մեջ կառնի հաջորդ համավարակի ժամանակ։ Իսկ հաջորդ համավարակը իսկապես լինելու է, կարծում են փորձագետները։
Պատվաստանյութերի գծով փորձագետների համար պարզ է մի բան. անկախ այն բանից, թե ինչ ձեւ կընդունի «X հիվանդությունը», նրանք ստիպված են լինելու աշխատել եւ պատվաստանյութ ստեղծել։
Այս խնդիրը կարող է անհաղթահարելի թվալ՝ հաշվի առնելով անհայտների հսկայական քանակությունը։ Արդյո՞ք նրանք հիմա պետք է կենտրոնանան կոնկրետ վիրուսների վրա, որպեսզի առավելություն ստանան։ Արդյո՞ք պետք է ուշադրություն դարձնեն այն պաթոգեններին, որոնք  առայժմ միայն կենդանիների մոտ են հանդիպում։
Մի հարց էլ է ծագում, որն ակնհայտ է դարձել ԱՄՆ-ում պատվաստման արշավն սկսելուց հետո. ինչպես՞ համոզել թերահավատ մարդկանց պատվաստվել։
Գիտնականները պատվաստանյութերին նվիրված Համաշխարհային կոնգրեսում ընդունել են, որ, չնայած իրենց պատրաստվածությանը, մի խնդիր ցավալիորեն մնում է անհաղթահարելի՝ աճող հակապատվաստումային շարժումը։
Եթե մարդիկ հրաժարվում են պատվաստանյութերից՝ շարունակվող համավարակին դեմ-հանդիման, ապա գալիք համավարակների դեպքում մենք դառնալու ենք զանգվածային մահերի վկաները, նախազգուշացրել է Ռոբերտ Վուդ Ջոնսոնի հիմնադրամի փոխնախագահ, բժիշկ Ջուլի Մորիտան։
Պատճառները, թե ինչու  մարդիկ կարող են չցանկանալ կամ հրաժարվել պատվաստվելուց, բարդ են, գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, եւ ներառում են մարդկանց անվրդովությունն ու պատվաստումների եւ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հանդեպ անվստահությունը։ Գործակալության գնահատմամբ՝ աշխարհում պատվաստանյութերի ավելի լայն տարածման պարագայում կարելի կլիներ փրկել 1,5 մլն կյանք։


© NEWS.am Medicine