Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ շագանակագույն բրինձ ուտելիս

20:39   6 մայիսի, 2022

Շագանակագույն բրինձը հարուստ է կարեւոր սննդանյութերով, վիտամիններով եւ հանքանյութերով: Սակայն որո՞նք են շագանակագույն բրնձի ընտրության կոնկրետ առավելությունները: Շագանակագույն բրնձի օգտակարության մասին սննդաբանները պատմել են Eat This, Not That!  կայքում:

Սննդաբան Լիզա Յանգի խոսքով՝ շագանակագույն բրինձը սննդանյութեր է պարունակում, այդ թվում՝ բջջանյութ եւ մագնեզիում, որոնք նպաստում են սրտի առողջությանը եւ կարող են նվազեցնել սրտի հիվանդությունների վտանգը։

Փորձագետը նաեւ նշել է, որ շագանակագույն բրինձը կարող է նույնիսկ օգնել քաշի վերահսկմանը՝ չափաբաժիններին հետեւելու դեպքում: Բջջանյութն օգնում է քաղց չզգալ:

Մեկ բաժակ շագանակագույն բրինձը 3.5 գրամ բջջանյութ եւ 5 գրամ սպիտակուց է պարունակում, նշել է դոկտոր Էմի Հուդսոնը, ինչը նպաստում է հագեցվածությանը, հատկապես՝ սպիտակուցի եւ մանրաթելային բանջարեղենի հետ միասին:

Հուդսոնը հավելել է, որ մանգանն անհրաժեշտ է օրգանիզմում շատ կարեւոր գործընթացների համար, ինչպիսիք են ոսկորների զարգացումը, վերքերի ապաքինումը, մկանների կծկման նյութափոխանակությունը, նյարդերի աշխատանքը եւ արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումը: Մեկ բաժակ շագանակագույն բրինձն ապահովում է խորհուրդ տրվող սննդային չափաբաժնի 88 տոկոսը:



© NEWS.am Medicine