Որ մատչելի մթերքներն են արդյունավետ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար

15:39   7 մայիսի, 2022

Իրենց խոլեստերինի մակարդակն իջեցնել ցանկացող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն մի քանի մթերքների, որոնք արդյունավետորեն օգնում են հասնել այդ նպատակին, գրում է MediForum-ը։

Եթե դուք այն բազմաթիվ մարդկանցից եք, ում ՑԽԼՊ կամ ԲԽԼՊ խոլեստերինի մակարդակը չի համապատասխանում նորմային, ձեր սննդակարգում ավելացրեք մթերքներ, որոնք բնական ճանապարհով նպաստում են խոլեստերինի ավելի առողջ մակարդակի պահպանմանը:

Սալորաչրի օգտագործումը, որպես միջանկյալ ուտեստ, օրգանիզմը հագեցնում է բազմաթիվ սննդանյութերով, որոնք կարեւոր նշանակություն ունեն սրտի առողջության համար, դրանց թվում են՝ հակաօքսիդանտները, բջջանյութը, կալիումը եւ մագնեզիումը: Journal of Medicinal Food-ի տվյալներով՝ հետդաշտանադադարի շրջանում գտնվող կանանց համար վեց ամսվա ընթացքում ամեն օր 5-6 սալորաչիր ուտելը կարող է դրական ազդեցություն ունենալ սրտանոթային առողջության վրա: Մասնավորապես, տեղի է ունենում ԲԽԼՊ խոլեստերինի մակարդակի բարձրացում եւ ընդհանուր խոլեստերինի հարաբերակցության նվազում։

Խոլեստերինը նվազեցնող մեկ այլ մատչելի մթերք է վարսակը։ Անհրաժեշտ ազդեցությունն ապահովում է վարսակի մեջ պարունակվող բետա-գլյուկան մանրաթելը։

Կարտոֆիլն օրգանիզմը սնուցում է լուծվող բջջանքով՝ սննդանյութ, որը կարող է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի ներծծվելը: Բայց ձեր սննդակարգում կարտոֆիլ ներառելիս ավելի լավ է ընտրել ջեռոցի կամ խաշած տարբերակը, անհրաժեշտ է խուսափել տապակածից եւ հագեցած ճարպերից:

Այնպիսի մատչելի մրգեր, ինչպիսին է խնձորը, տարբեր պոլիֆենոլների եւ մանրաթելերի բնական աղբյուր են, որոնք բնական կերպով պահպանում են սրտի առողջությունը: Խնձորի առավելություններից մեկը պեկտինն է՝ մանրաթելերի մի տեսակ, որը կեղեւի մեջ է լինում: Այն արդյունավետ է գործում՝ խոչընդոտելով խոլեստերինի ներծծմանը արյան մեջ:

Լոբին պարունակում է բջջանյութ, բուսական սպիտակուցներ, հակաօքսիդանտներ եւ սրտի համար օգտակար այլ սննդանյութեր: Journal of Nutrition ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չորս շաբաթվա ընթացքում օրական մեկ բաժակ ընդեղեն ուտելը կարող է նվազեցնել ընդհանուր եւ ՑԽԼՊ խոլեստերինի մակարդակը:



© NEWS.am Medicine