Գյուլբենկյան գիտական ինստիտուտի գիտնականներն առաջարկել են 30 տարով մաշկի բջիջների երիտասարդացման միջոց

11:36   9 մայիսի, 2022

Տասնհինգ տարի առաջ գիտնականները ցնցող բացահայտում են արել՝ դանդաղեցնելով բջիջների ծերացման գործընթացը։ Ակտիվացնելով ԴՆԹ-ի չորս գործոններ՝ նրանք զրոյացրել են բջիջների ծերացումը՝ «տարեց» բջիջներին վերադարձնելով սաղմնային վիճակի։ Այդ գործոններն անվանվել են Յամանակիի գործոններ՝ ի պատիվ դրանք առաջինը հայտնագործած Սինյա Յամանակիի։ Մի քանի տարի անց այդ հայտնագործությունը նրան Նոբելյան մրցանակ բերեց, գրել է Popular Mechanics-ը։

Գիտնականները հույս ունեն, որ ծերացման նշաններից զրկված այդ բջիջները կարելի կլինի օգտագործել վնասված օրգանների վերականգնման եւ երիտասարդացման համար։ Միակ խնդիրն այն է, որ Յամանակիի գործոնները չափից շատ են զրոյացնում բջիջները։ Բջիջը, որի տարիքը զրո օր է, չի կարող էլեկտրական նյարդային ազդանշաններ ուղարկել, կոլագեն արտադրել կամ այլ գործառույթներ կատարել։

Վերջերս գիտնականների մի խումբ ապացուցել է, որ կարող է ժամանակը 30 տարով հետ տալ։ Ապրիլին այդ գիտնականները հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները eLife ամսագրում։

Հետազոտողները հավաքել են 38-53 տարեկան մարդկանց մաշկի բջիջները։ Նրանք հատուկ հավաքել են մաշկի ֆիբրոբլաստների բջիջները, որոնք անհրաժեշտ են վերքերի ապաքինման համար, եւ որոնց արդյունավետությունը տարիքի հետ նվազում է։ Նրանք Յամանակիի գործոնները մտցել են բջջի մեջ եւ «միացրել» դրանք։ Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ Յամանակիի գործոններից պահանջվում է 50 օր, որպեսզի ժամանակը հետ տան մինչեւ զրո նիշը, եւ որ 10 եւ 17-րդ օրերի միջեւ բջիջները 20-40 տարեկան էին համապատասխանաբար։ Հետազոտողները որոշել են կանգնեցնել Յամանակիի գործոնների գործողությունը այդ ընթացքում եւ նայել, թե ինչպես են դրանք ազդում բջիջների վրա 10-րդ եւ 17-րդ օրերի միջեւ։

Յուրաքանչյուր դադարի ժամանակ հետազոտողները գնահատել են բջիջների կենսաբանական տարիքը «ծերացման մոլեկուլյար ժամացույցի» օգնությամբ։

Օպտիմալ տարբերակը գտնվել է արդեն 13 օր անց։ Բջիջները երիտասարդացել են, բայց պահպանել կոլագեն արտադրելու եւ արագ վնասված տեղամասեր տեղափոխվելու ունակությունը։

Պորտուգալիայի Գալուստ Գյուլբենկյանի գիտական ինստիտուտի հետազոտող, հետազոտության հեղինակ Ինես Միլագրեի խոսքով՝ այս աշխատանքը կարեւոր փուլ է եւ ապացույց այն բանի, որ Յամանակիի գործոնները կարող են ճիշտ կարգավորման ենթարկվել։ Բայց նա ասել է, որ առաջիկայում կլինիկայում այդ մեթոդի կիրառման չպետք է սպասել։ Յամանակիի գործոնների ակտիվացումը կարող է քաղցկեղ առաջացնել, եւ առայժմ հայտնի չէ, թե արդյոք այդ գործընթացը կաշխատի բջիջների այլ տեսակների դեպքում։ Հետազոտողները նախատեսում են հետագայում ավելի անվտանգ հայեցակարգեր մշակել։



© NEWS.am Medicine