14:15 11 մայիսի, 2022Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 348 հավանական դեպք, եւ միևնույն ժամանակ, ադենավիրուսի եւ COVID-19 վարակի պոտենցիալ դերի ուսումնասիրությունը թափ է հավաքում, հաղորդում է Medical Xpress-ը։
ԱՀԿ-ն նշել է, որ ադենավիրուսի հետ կապված վարկածները շարունակում են առաջատար մնալ։
Դեպքեր են գրանցվել 20 երկրներում, եւս 70 դեպք 13 երկրներից դեռ պետք է դասակարգվի, քանի որ վերլուծությունները դեռ ավարտված չեն: Եվ միայն վեց երկիր է հայտնում ավելի քան հինգ դեպք, ընդ որում ավելի քան 160-ը գրանցվել է Մեծ Բրիտանիայում:
«Վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել հետագա հետազոտությունների եւ աշխատանքային վարկածների ճշգրտման գործում»,-ասել է ԱՀԿ-ի՝ հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային ծրագրի խոսնակ Ֆիլիպա Իսթերբրուքը:
Նա ասել է, որ Միացյալ Թագավորությունը համակարգում է համապարփակ հետազոտություններ՝ ուսումնասիրելով հիվանդ երեխաների գենետիկան, նրանց իմունային պատասխանը, վիրուսները եւ հետագա համաճարակաբանական հետազոտությունները:
ԱՀԿ-ն առաջին անգամ տեղեկացվել է ապրիլի 5-ին Շոտլանդիայում մինչեւ 10 տարեկան երեխաների մոտ հեպատիտի 10 անհասկանալի դեպքերի մասին:
Փորձագետները նշել են, որ մեկ շաբաթվա ընթացքում Բրիտանիայից պետք է տվյալներ ստացվեն վերահսկողական հետազոտության վերաբերյալ, որը համեմատում է, թե արդյոք ադենավիրուսի հայտնաբերման հաճախականությունը տարբերվում է այլ հոսպիտալացված երեխաների մոտ հայտնաբերման հաճախականությունից։
«Սա իսկապես կօգնի պարզել, թե արդյոք ադենավիրուսը պարզապես պատահական վարակ է, թե արդյոք կա պատճառահետևանքային կապ կա»,-ասել է Իսթերբրուկը: Նա ընդգծել է, որ լյարդի նմուշների եւ բիոպսիաների մանրադիտակային հետազոտությունները չեն հայտնաբերել բնորոշ հատկանիշներից որեւէ մեկը, որը կարելի է ակնկալել ադենավիրուսով առաջացած լյարդի բորբոքման ժամանակ:
Ինդոնեզիայում երեք երեխա է մահացել հիվանդությունից։
Որոշ դեպքեր առաջացրել են լյարդի անբավարարություն, որը պահանջում է փոխպատվաստում: