Ի՞նչ է Չոր աչքի համախտանիշը և ինչպե՞ս խուսափել դրանից․ հարցազրույց ակնաբույժ Օֆելյա Գինոյանի հետ

15:00   11 մայիսի, 2022

Սիգարետի ծխի մեջ գտնվող նյութերից շատերը գրգռում են աչքի մակերեսը՝ առաջացնելով անհարմարություն, չորություն։ Ըստ ուսումնասիրությունների՝ ծխողները երկու անգամ ավելի հաճախ են տառապում չոր աչքի համախտանիշով, քան չծխողները։ Այս մասին այսօր խոսել ենք ակնաբույժ Օֆելյա Գինոյանի հետ։

Աչքի հետ կապված ինչպիսի հիվանդություններ է առաջացնում ծխելը։ Ո՞րոնք են ամենատարածվածները։

Վաղուց հայտնի է, որ երկարատև ծխելը կարող է հիմք հանդիսանալ  մի շարք  հիվանդությունների առաջացման `առավել հաճախ տուժում է սիրտ-անոթային  համակարգը։ Այնուամենայնիվ, շատերը չեն գիտակցում, որ ծխելը կարող է հանգեցնել նաև տեսողության խնդիրների: Սիգարետի ծուխը իր մեջ պարունակում է հազարավոր վնասակար նյութեր, որոնք էլ հենց հիվանդացության հիմնական պատճառն են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սիգարետ ծխելը մեծացնում է տարիքային մակուլյար դեգեներացիայի (AMD), կատարակտի, գլաուկոմայի, դիաբետիկ ռետինոպաթիայի և չոր աչք համախտանիշի հանդիպման ռիսկը:

Եթե համեմատական կարգով դիտարկենք, ապա սիգարետ ծխողների մոտ (օրական 15 կամ ավելի սիգարետ)` 3-4 անգամ, պասիվ ծխողների մոտ` 2 անգամ բարձրանում է  նշված հիվանդությունների զարգացման ռիսկը, քան չծխողների մոտ:

Ասում են, որ թարթելու ռեֆլեքսը պաշտպանում է աչքը նաև սիգարետի ծխի ազդեցությունից: Արդյո՞ք դա այդպես է։

Թարթման ռեֆլեքսի շնորհիվ մեր ակնագնդի մակերեսը ծածկվում է արցունքային թաղանթով,որը ունի հաստատուն բաղադրություն և պաշտպանում է ակնագունդը մի շարք վնասակար գործոններից, այս դեպքում` օրինակ սիգարետի ծխից։ Մինչդեռ երկարատև ծխի ազդեցությունը կարող է բերել վերջինիս բաղադրության խախտման` հիմք հանդիսանալով Չոր աչք համախտանիշի զարգացման։

Ի՞նչպես կարելի է նվազեցնել սիգարետի ծխի վնասկար ազդեցությունը տեսողական առողջության վրա։

Խնդիրը պետք է լուծել նախ և առաջ խնդրի առաջացման պատճառը վերացնելով՝ տվյալ դեպքում ծխելը թողնելով։ Այն դեպքերում երբ չի հաջողվում թողնել ծխելը, պետք է անցում կատարել անծուխ այլընտրանքների, որոնք առանց այրման են աշխատում։ Այդպիսի տարածված միջոց է նիկոտինի փոխարինման թերապիան (սպեղանիներ, մաստակներ և այլն)։ Կան նաև ծխախոտի տաքացման համակարգեր և էլեկտրոնային սիգարետներ, որոնք արտազատում են ոչ թե ծուխ այլ գոլորշի, որի մեջ այդ վնասկար նյութերը ավելի քիչ են։ Հարկ է նշել սակայն, որ այս այլընտրանքները ևս անվնաս չեն։

Շատ կարևոր է նաև վարել առողջ ապրելակերպը։ Աչքի հիվանդության և տեսողության կորստի ռիսկը կարող է կրճատվել հետևյալով, եթե օգտագործեք առողջ սնունդ (C, E վիտամիններով և բետա-կարոտինով հարուստ սնունդ), վերահսկեք արյան ճնշումը և արյան մեջ խոլեստերինի, գլյուկոզայի մակարդակը, պարբերաբար այցելեք Ձեր ակնաբույժին:



© NEWS.am Medicine