Անանասի հինգ անսպասելի հատկություն

16:44   13 մայիսի, 2022

Անանասը պաշտպանում է չմարսելուց եւ մրսածությունից, խոչընդոտում է կնճիռների եւ կապտուկների առաջացմանը։ Բացի այդ, անանասն օգնում է պայքարել ճոճվելուց առաջացող սրտխառնոցի դեմ, Москве 24-ին ասել է կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Միրոշնիկովը։

Մասնագետը հատկապես խորհուրդ է տվել անանասն օգտագործել խորովածի հետ։ Բանն այն է, որ մերձարեւադարձային այս մրգի մեջ պարունակվում է բրոմելաին ֆերմենտը, որը աղեստամոքսային տրակտում հայտնվելով՝ լուծում է սպիտակուցն ու ճարպը, բարելավում մարսողության պրոցեսը, նշել է փորձագետը։

«Գարնանը եւ աշնանը բոլորը բնության գրկում խորոված են պատրաստում, կուշտ ուտում եւ հետո տառապում չմարսելուց։ Հաբեր, ֆերմենտներ օգտագործելու կարիք չկա, պարզապես անանաս կերեք, եւ մարսողության հետ խնդիրներ չեք ունենա»,- ասել է նուտրիցիոլոգը։

Անանաս կարելի է ուտել նաեւ տրանսպորտում առաջացող սրտխառնոցի դեմ պայքարելու համար, շարունակել է փորձագետը։ «Եթե մենք թթու անանաս ենք ուտում, ապա այդ թթվությունը մեր ուղեղն «անջատում» է սրտխառնոցից, եւ մեր սիրտն այլեւս չի խառնում։ Ավելի լավ է այն ուտել ոչ թե տրանսպորտ նստելուց առաջ, այլ երբ սկսում եք սրտխառնոց զգալ»,- ասել է Միրոշնիկովը։

Անանասը նաեւ C վիտամինի մեկ օրվա նորմայի 15 եւ կայծքարի 200 տոկոսն է պարունակում։ Այս նյութերն, ըստ փորձագետի, օգնում են պայքարել կնճիռների դեմ։

Փորձագետը ընդգծել է, որ անանասն արդյունավետ է նաեւ պիգմենտների դեմ պայքարում։

«Ավելի շատ արտադրվող կոլագենը կխանգարի ուլտրամանուշակագույն ճառագայթներին»,- նշել է նա։

Մասնագետն ավելացրել է, որ անանասի մեջ պարունակվող C վիտամինն օգնում է պաշտպանվել մրսածությունից։

«2014թ. հետազոտությունները ցույց են տվել, որ շատ անանաս ուտող երեխաները գրեթե մրսածության հիվանդություններ չեն ունենում։ Այսինքն՝ գրիպ, նշիկաբորբ, ռոտավիրուսային վարակ. այս բոլորով երեխաները գրեթե չեն հիվանդնաում»,- ասել է Միրոշնիկովը։

Միեւնույն ժամանակ, C վիտամինն ամրացնում է անոթները եւ խոչընդոտում կապտուկների առաջացմանը։ Ընդ որում՝ նա առասպել է անվանել տարածված այն կարծիքը, թե անանասն օգնում է հալեցնել ճարպերը։      

«Բանն այն է, որ բրոմելաինին սկզբում վերագրում էին ճարպի հալեցնող հատկություններ։ Հետո մեծ քանակությամբ հետազոտություններ կատարվեցին, որոնք ցույց տվեցին, որ այդ նյութը նման հատկություն չունի»,- ասել է Միրոշնիկովը։



© NEWS.am Medicine