«Երազ». Ինչպե՞ս կարող է ռեպրոդուկտոլոգի գրած բալետը փոխել ձեր պատկերացումները ժամանակակից արվեստի մասին (ֆոտո)

18:38   16 մայիսի, 2022

Բալետային նոր բեմադրության մասին տեղեկությունն ուսումնասիրող մարդը դժվար թե սպասի «կոմպոզիտոր» տողում բժշկի անուն տեսնել, այն էլ՝ հայտնի բժշկի: Այնուամենայնիվ, «Երազ» բալետը գրել է հայտնի ռեպրոդուկտոլոգ, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանը։

«Երազ»-ը «սովորական» բեմադրությունը չէ, որը հայտնվում է գլխում բալետի մասին մտածելիս: Դա ավելի շուտ ժամանակակից արվեստի վառ օրինակ է, որտեղ միաձուլվել են մի շարք միտումներ եւ ոճեր: Այստեղ, իհարկե, բալետային պարեր կան, բայց՝ ոչ այնքան «դասական». որպես խորեոգրաֆ հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը, ով բեմադրության մեջ տարրեր է ներառել ոչ միայն դասական բալետից, այլեւ ակրոբատիկայից եւ այլ ոլորտներից, ինչը նոր մակարդակի է հասցրել բեմադրության գեղագիտությունը եւ շատ նոր հնարավորություններ է ընձեռել՝ բեմում հերոսների ապրումներն ավելի լավ փոխանցելու համար:

Երաժշտությունը «Երազ»-ում եւս հետաքրքիր է՝ ժամանակակից մարդու ընկալման համար հեշտ. այն ե՛ւ քնարական մեղեդիներ, ե՛ւ ժողովրդական երաժշտության, ե՛ւ ռոքի, ջազի եւ ժամանակակից այլ ուղղությունների տարրեր է ներառում։ Ժողովրդական արվեստին քաջածանոթ մարդիկ կարող են ճանաչել նաեւ «Երազ» ժողովրդական երգի մոտիվը, որն առկա է ստեղծագործության շատ հատվածներում։ Բեմական ձեւավորումը նույնպես առանձնահատուկ է. սովորական դեկորացիայի փոխարեն ամբողջ էկրանին ավազային անիմացիաներ են՝ նկարչուհի Աննա Ամասի կենդանի կատարմամբ:

Ինչպես նշեց ինքը՝ Էդուարդ Համբարձումյանը, «Երազ» բալետը, թերեւս՝ Հայաստանում, նոր էջ է բացել շատ առումներով. այն առաջին բալետն է, որը գրվել է բժշկի, այլ ոչ թե պրոֆեսիոնալ կոմպոզիտորի կողմից, այն կին խորեոգրաֆի առաջին բեմադրությունն է Հայաստանում,  առաջատար բալերինայի առաջին փորձը որպես պարուսույց եւ առաջին բեմադրությունը, որը դեկորների փոխարեն ավազե անիմացիաներ է ներառում:

«Սա բալետ չէ բառիս սովորական իմաստով, այն նեոկլասիկական, սինթետիկ, շատ ժամանակակից ստեղծագործություն է։ Երաժշտական ​​առումով այն ներառում է այն ամենը, ինչ մենք այսօր սիրում եւ լսում ենք՝ ե՛ւ գործիքային երաժշտություն, ե՛ւ լիրիկական, ե՛ւ ռոք, ե՛ւ ջազ: Վիզուալ առումով այն եւս շատ հետաքրքիր է. դրանում ե՛ւ կլասիկ է, ե՛ւ ակրոբատիկա, ե՛ւ ավազային անիմացիաներով շատ օրիգինալ ձեւավորում կա», - ասաց նա։

Մայրությունը՝ որպես երջանկության աղբյուր եւ գլխավոր թեմա

«Երազ»-ը պատմում է իդեալի ու երջանկության փնտրտուքների մեջ գտնվող նկարչուհու մասին։ Առաջնային թեման մայրությունն է՝ որպես բոլոր թափառումների, երջանկություն որոնումների նպատակ, որպես պատասխան այն հարցերի մեծ մասի, որոնց բախվում են հերոսուհին եւ շատ կանայք իրական կյանքում:

«Մայրության թեման արվեստի տեսանկյունից շատ հետաքրքիր է, բայց ես նաեւ մասնագիտական ​​հետաքրքրություն ունեմ այս թեմայի նկատմամբ, քանի որ ես եւ իմ գործընկերներն օգնում ենք անպտուղ կանանց մայրանալ», - ասաց Էդուարդ Համբարձումյանը։ – Հաճախ մայրությունը շատ հարցերի պատասխանն ու երջանկության աղբյուր է: Մեր շարունակությունն ու դա խորհրդանշող մանկական ծիծաղը՝ ահա թե որն է երջանկությունը»:

Ինչպե՞ս ստացվեց, որ ռեպրոդուկտոլոգը երաժշտություն գրեց բալետի համար

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ Համբարձումյանը պատմեց, որ մանկուց սեր ուներ երաժշտության հանդեպ. 8 տարեկանից սովորել է երաժշտական ​​դպրոցում, դաշնամուր է նվագել։ Ազատ ժամանակ տարված էր Բիթլզի, Փինք Ֆլոյդի հիթերի, ինչպես նաեւ Բեթհովենի եւ այլ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների փոխադրմամբ։ 11 տարեկանից սկսել է սեփական երաժշտությունը ստեղծել։

Տարիներ անց Էդուարդ Համբարձումյանը դարձավ բժիշկ, ավելին՝ Հայաստանում վերարտադրողական բժշկության հիմնադիրներից մեկը, իսկ երաժշտությունը նրա կյանքում միայն հոբբի մնաց։ Սակայն հենց 2-25 տարեկանում գրված մեղեդիներն էլ «Երազ» բալետի հիմքը դարձան:

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ…

Մի անգամ Էդուարդ Համբարձումյանը որոշեց տարբեր տարիների գրված գործերը հավաքել մեկ ժողովածուի մեջ եւ թողարկել որպես առանձին սկավառակ։ Գործիքավորող Վահան Նահապետյանի հետ 2 տարի աշխատում էր նվագախմբի համար նոտայագրման վրա։ Եւ մի օր այդ ստեղծագործությունները լսեց բալետի արտիստ Ժակլին Սարխոշյանը, ում մոտ էլ ծագեց բալետային բեմադրություն ստեղծելու գաղափարը: Դրանից էլ ամեն ինչ սկսվեց:

Առաջին անգամ «Երազ» բալետը երեւանյան բեմում՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում, բեմադրվեց 2012թ. Առաջին բեմադրությունն ուներ կոնկրետ նպատակ՝ միջոցներ գտնել հայթայթել Հայաստանում վերարտադրողական բժշկության հետ կապված իրավիճակի բարելավման եւ անպտուղ կանանց օգնել համար, ովքեր չէին կարող իրենց թանկ բուժում թույլ տալ: Սակայն ստեղծագործությունն այնքան դուր եկավ  հանդիսատեսին եւ՝  ոչ միայն նրանց, որ հետագայում որոշվեց այն ընդգրկել Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի հայկական ակադեմիական թատրոնի մշտական ​​խաղացանկում։ Դրան նպաստեց  նաեւ հայտնի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը, ով այդ տարիներին թատրոնի ղեկավարն էր։

«Երազ»-ի վերադարձը

«Երազ» բալետը բեմադրվել է ոչ միայն Երեւանում, այլեւ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, եւ ամեն անգամ հանդիսատեսը մեծ տպավորությամբ լքում է դահլիճը, իսկ ստեղծագործությունն արժանանում է քննադատների բարձր գնահատականներին:

Կորոնավիրուսի համաճարակի եւ 44-օրյա պատերազմի պատճառով բալետը որոշ ժամանակով անհետացավ բեմից, սակայն այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն օգնեց այն բեմ վերադարձնել, բայց արդեն՝ նոր կազմով:

«Երազ» բալետի հաջորդ ցուցադրությունը նախատեսված է մայիսի 20-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի հայկական ակադեմիական թատրոնում, եւ այն, այնուամենայնիվ, արժե այցելել, եթե նույնիսկ ձեզ ընդհանրապես արվեստի եւ մասնավորապես բալետի սիրահար չեք համարում:

280183468_1062944464576251_1530716573642799766_n.jpg (572 KB)

280506132_377755700963740_8012773100059170507_n.jpg (1.08 MB)

280576871_1624725117906664_8076946275387719348_n.jpg (530 KB)

280278760_370208861826282_1197533681593230909_n.jpg (524 KB)

280364872_764315681611015_2942948783616315154_n.jpg (688 KB)

280375236_351015253583266_6836469958310807659_n.png (182 KB)

280384473_1129020347942946_896813274614644398_n.jpg (423 KB)



© NEWS.am Medicine