Որո՞նք են ամենաօգտակար մթերքները սրտի եւ անոթների համար

10:37   18 մայիսի, 2022

Սննդաբան Մարինա Ֆյոդորովան SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում նշել է, որ այսօր Ռուսաստանում եւ աշխարհում ամենից շատ մահանում են սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով։ Դրանց բաժին է ընկնում բոլոր մահերի 50 տոկոսից ավելին։ Մասնագետի խոսքով՝ այս ցուցանիշը կարելի է իջեցնել սնվելու կարգը սրբագրելով։ Սննդաբանը նշել է ամենաօգտակար մթերքները սրտի եւ անոթների համար։

Մասնագետի խոսքով՝ նուռը հիանալի մթերք է որպես սրտի եւ անոթների հիվանդությունների կանխարգելիչ միջոց։ Նռան մշտական օգտագործումը բարելավում է լիպիդային պրոֆիլը եւ արյան ռեոլոգիկ հատկությունները, իջեցնում է խոլեստերինի մակարդակը։

Օգտակար է նաեւ խնձորը, այն շատ բջջանյութ է պարունակում, որը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի բարելավմանը։ Բացի այդ, խնձորի մեջ կա նաեւ պեկտին։ Այն կարգավորում է խոլեստերինը՝ նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

Լոլիկը մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը շատ օգտակար է սրտի համար։ Լոլիկը պարունակում է նաեւ լիկոպին, որը նպաստավոր ազդեցություն է ունենում մարդու ամբողջ օրգանիզմի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան բարձր է արյան մեջ լիկոպինի մակարդակը, այնքան ավելի ցածր է սրտի հիվանդության առաջացման վտանգը։

Սխտորը հսկայական օգուտ է բերում մեր սիրտ-անոթային համակարգին։ Այն պարունակում է ազոտի օքսիդ, որը էնդոգեն վազոդիլատ է, այսինքն՝ լայնացնում է անոթները, ինչը հանգեցնում է զարկերակային ճնշման կարգավորման։

Արմավի մեջ շատ են պոլիֆենոլները, որոնք նպաստավոր ազդեցություն են ունենում ընդհանուր խոլեստերինի, ինչպես նաեւ բետա-կարոտինի եւ մագնիումի մակարդակի վրա։

Սննդաբանը խորհուրդ է տվել ընտրել նաեւ սաղմոնը։ Այն պետք է օգտագործել շաբաթը գոնե 2 անգամ։

Ապացուցված է, որ թարմ քամված նարնջի հյութի ամենօրյա օգտագործումը կարգավորում է զարկերակային ճնշումը։ Սննդաբանը հիշեցրել է, որ հենց զարկերակային հիպերտոնիան է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման գործոններից մեկը։

Վարսակը նույնպես շատ օգտակար է մարդու առողջության համար։ Դրա կանոնավոր օգտագործումը նպաստավոր ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի եւ սիրտ-անոթային համակարգի վրա։



© NEWS.am Medicine