Գիտնականներն առանց վիրահատության կատարակտի բուժման նոր մեթոդ են առաջարկել  

21:32   18 մայիսի, 2022

Կատարակտը վիրահատության փոխարեն դեղամիջոցներով բուժելու նոր մեթոդը կօգնի փրկել միլիոնավոր մարդկանց տեսողությունը, փոխանցում է «ՄեդիկՖորում»-ը:

Կատարակտը տեսողության մշուշոտում եւ աչքի ոսպնյակում բնորոշ անթափանց բծերի (ամպերի) ձեւավորում է առաջացնում, որոնք կուրության են հանգեցնում: Այսօր տարիքի հետ կապված այս տեսողական խանգարումը սովորաբար բուժվում է ոսպնյակի փոխարինման վիրահատությամբ:

Anglia Ruskin University-ի գիտնականներն առաջարկել են վիրահատության փոխարեն կատարակտի դեմ դեղամիջոց փորձարկել: Լաբորատոր մկների վրա անցկացրած փորձերը ցույց են տվել, որ դեղամիջոցների օգտագործումից հետո կրծողների մոտ զգալի բարելավումներ են նկատվում:  Փորձարկվող մկների գրեթե կեսի կամ 46 տոկոսի մոտ տեսողության սրությունը բարելավվել է:

Կատարակտն առաջանում է ոսպնյակի սպիտակուցների ապակազմակերպումից։ Արդյունքում սպիտակուցները հանգույցների են վերածվում, որոնք զգալիորեն խաթարում են տեսողական պատկերների փոխանցումը ցանցաթաղանթ։ Մկների բուժման համար կիրառվել է VP1-001 կոչվող բաղադրիչը, որը տրվել է աչքի կաթիլների միջոցով՝ վերականգնելով սպիտակուցների կազմակերպումը ոսպնյակի մեջ:
 



© NEWS.am Medicine