Դաշտանադադարը կարող է քունքա-ստորին ծնոտային հոդի խանգարում առաջացնել. հետազոտություն

23:44   18 մայիսի, 2022

Դաշտանադադարի ընթացքում էստրոգենի կորուստը կարող է սրել ծնոտի ցավը, ասվում է հետազոտության մեջ:

քունքա-ստորին ծնոտային հոդի խանգարումը ծնոտային հոդի ցավ է առաջացնում եւ ազդում է ԱՄՆ չափահաս բնակչության մոտ 4.8 տոկոսի կամ մոտ 12 միլիոն մարդու վրա, գրում է UPI-ն։

Որոշ գնահատականների համաձայն՝ մեծահասակ ամերիկացիների մինչեւ 15 տոկոսն ունի քունքա-ստորին ծնոտային հոդի խանգարման առնվազն մեկ ախտանիշ, որը մկանակմախքային ցավի երկրորդ ամենատարածված տեսակն է մեջքի ցավից հետո:

Կանանց մոտ այս տեսակի խանգարումների առաջացման հավանականությունը երկու անգամ մեծ է, քան տղամարդկանց մոտ, ինչը պատճառով որոշ փորձագետներ ենթադրել են, որ հորմոնալ փոփոխությունները որոշակի դեր են խաղում այս խանգարման մեջ:

Նոր հետազոտության ընթացքում Բրազիլիայից գիտնականները գնահատել են ուշ դաշտանադադարի, վաղ հետդաշտանադադարի եւ հետդաշտանադադարի ժամանակաշրջանում գտնվող կանանց մոտ քունքա-ստորին ծնոտային հոդի խանգարման հետ կապված ցավի ինտենսիվությունը:

Գիտնականները պարզել են, որ քունքա-ստորին ծնոտային հոդի խանգարման հետ կապված ցավը եւ դաշտանադադարի ախտանիշները հիմնականում կապված են ուշ դաշտանադադարի հետ, իսկ տարիքի եւ հետդաշտանադադարի հետ թեթեւանում են:

Կրթական մակարդակը եւ էթնիկ պատկանելությունը եւս ազդում են քունքա-ստորին ծնոտային հոդի խանգարման ախտանիշների վրա վաղ հետդաշտանադադարի ժամանակաշրջանում գտնվող կանանց մոտ, պնդում են հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է Հյուսիսային Ամերիկայի դաշտանադադարի միության Menopause ամսագրում:

Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանից հետազոտության հեղինակ Ալեսանդրա Պուչի Մանտելի Գալջարդոն եւ նրա գործընկերները եզրակացրել են, որ կանայք դաշտանադադարին ընդառաջ պետք է քունքա-ստորին ծնոտային հոդի խանգարման ախտորոշման հետազոտություն անցնեն:



© NEWS.am Medicine