Մանկության տարիներին կյանքի հանգամանքները կապված են տարեց հասակում մենակության մակարդակի հետ. հետազոտություն

23:39   19 մայիսի, 2022

Մանկության տարիներին կյանքի հանգամանքները, այդ թվում՝ ավելի քիչ ընկերներ, քույրեր ու եղբայրներ ունենալը, վատ հարաբերությունները ծնողների հետ, վատ առողջությունը եւ աղքատ ընտանիքում մեծանալը, կապակցված են հետագա կյանքում մենակության բարձր մակարդակի հետ, համաձայն Վիեննայի տնտեսագիտության եւ բիզնեսի համալսարանի հետազոտող Սոֆի Գուտմյուլերի հետազոտության, որը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:

Վերջին տասնամյակում մենակությունը ավելի ու ավելի մեծ հետաքրքրության է արժանանում, քանի որ ապացուցվել է, որ այն կապված է վատ առողջության հետ եւ տարիքի հետ ավելանում է:

Նոր ուսումնասիրության մեջ Գուտմյուլերը օգտագործել է «Առողջությունը, ծերությունը եւ կենսաթոշակի անցնելը Եվրոպայում» մեծ հետազոտությունը, որը տեղեկատվություն է հավաքում Եվրոպայում 50 եւ ավելի տարեկան մարդկանց առողջության, սոցիալ-տնտեսական կարգավիճակի, սոցիալական եւ ընտանեկան կապերի մասին:

Հետազոտողը պարզել է, որ թեեւ վատ առողջությունը տարեց ժամանակ մենակության հետ փոխկապակցված հիմնական գործոնն է, որը բացատրում է մենակության շեղումների 43,32 տոկոսը, ծերության ժամանակ սոցիալական աջակցությունը կազմում է 27,05 տոկոսը, անհատականության գծերը՝ 10,42 տոկոսը, իսկ մանկությամ տարիներին կյանքի հանգամանքները՝ 7,50 տոկոսը։ 50 տարեկանում եւ ավելի բարձր տարիքում միայնակ լինելու հավանականությունը 1,24 անգամ ավելի բարձր է այն մարդկանց մոտ, որոնք հազվադեպ են լավ ընկերներ ունեցել կամ երբեք չեն ունեցել մանկության տարիներին, համեմատած նրանց հետ, ովքեր ավելի հաճախ են ընկերական հարաբերություններ հաստատել, 1,34 անգամ ավելի բարձր նրանց համար, ովքեր բավարար կամ վատ հարաբերություններ են ունեցել իրենց մոր հետ՝ համեմատած նրանց հետ, ովքեր գերազանց հարաբերություններ են ունեցել իրենց մոր հետ, եւ 1,21 անգամ ավելի բարձր, եթե անձը մեծացել է ցածր եկամուտ ունեցող ընտանիքում՝ համեմատած նրանց, ովքեր մեծացել են հարուստ ընտանիքում։ Մենակությունն ավելի հաճախ հանդիպել է նեւրոտիկ անհատականության տիպ ունեցող մարդկանց մոտ եւ հազվադեպ նրանց մոտ, ովքեր բարձր ցուցանիշներ են ունեցել այնպիսի չափորոշիչներում, ինչպիսիք են բարեխիղճությունը, հանդուրժողականությունը եւ բաց լինելը:

Գիտնականը նշում է, որ այս հետազոտության արդյունքները հաստատում են տարեց հասակում աջակցության կարեւորությունը, ինչպես նաեւ անհատականության առանձնահատկությունների եւ մանկության տարիների հանգամանքների դերը։ Նա եզրակացրել է, որ վաղ միջամտությունը առանցքային նշանակություն ունի հետագա կյանքում մենակության դեմ պայքարելու համար, եւ որ ավելի ուշ տարիքում սոցիալական աջակցությունը մեծացնելու համար միջոցառումները պետք է հարմարեցվեն անհատականության բոլոր տեսակներին:



© NEWS.am Medicine