Ինչո՞վ է վտանգավոր լոլիկը

19:36   19 մայիսի, 2022

Լոլիկը օգտակար հատկություններ ունի, բայց որոշ մարդիկ պետք է սահմանափակեն դրա օգտագործումն իրենց կերակրաբաժնում, Sputnik ռադիոյի հարցազրույցում նախազգուշացրել է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Սննդաբանն ընդգծել է, որ խակ պտուղները կարող են այնպիսի վտանգավոր նյութ պարունակել, ինչպիսին սոլանինն է։

«Լոլիկն օգտակար է, բայց այն պատկանում է մորմազգիների ընտանիքին եւ կարող է սոլանին (բուսական թույն) պարունակել, ուստի պետք է ուտել միայն հասուն պտուղները»,- ասել է Սոլոմատինան։

Լոլիկը պարունակում է նաեւ այլ վնասակար նյութեր։ Սննդաբանը նշել է, որ մթերքի այդ «մութ» կողմը միշտ պետք է հաշվի առնեն որոշակի հիվանդություններ (ստամոքսի խոց, գաստրիտ եւ ենթաստամոքսային գեղձի բորբոքում) ունեցող մարդիկ։

«Եթե   լոլիկի մեջ կոշտ, հատկապես դեղին երակները շատ են, ապա պարզ է, որ այն հարուստ է նիտրատներով»,- ասել է մասնագետը։

Նա նաեւ նախազգուշացրել է, որ նիտրատները մարդու օրգանիզմում վերածվում են վտանգավոր նիտրիտների եւ կարող են խախտել բջջային շնչառությունը, հեմոգլոբինը դարձնել ոչ ակտիվ, թթվածին չփոխանցող։

Լոլիկը պետք է զգույշ օգտագործեն նրանք, ովքեր տառապում են խոցային հիվանդությամբ, գաստրիտով, ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ, միզաքարային հիվանդությամբ։ Միջին նորմը օրական երեք լոլիկն է, բայց ամեն ինչ կախված է  նաեւ մարդու վիճակից, ավելացրել է Սոլոմատինան։



© NEWS.am Medicine