Ինչպե՞ս հաշվարկել քաղցկեղի հավանականությունը

21:33   19 մայիսի, 2022

Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer) փորձագետներն ապացուցել են, որ օրգանիզմում ճարպի մեծ քանակությունը կապված է քաղցկեղի առնվազն 13 տեսակի առաջացման հետ, «Аргументы и факты»-ին ասել է Կլինիկական դեղաբանության եւ դեղագործության Ազգային գործակալության կլինիկայի օնկոլոգիայի բաժնի վարիչ Իվան Դավիդովը։

Նրա խոսքով՝ հետազոտություններում, մասնավորապես, ցույց է տրվել, որ.

Արգանդի քաղցկեղը 2-4 անգամ ավելի հաճախ է հանդիպում ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ եւ 7 անգամ ավելի հաճախ՝ ճարպակալում ունեցող կանանց մոտ։

Կերակրափողի քաղցկեղը 1,5 անգամ ավելի հաճախ է հանդիպում ավելորդ քաշի եւ 24-27,7 անգամ ավելի հաճախ՝ ճարպակալման դեպքում։

Ստամոքսի քաղցկեղը 2 անգամ ավելի հաճախ է հանդիպում ճարպակալում ունեցող մարդկանց մոտ։

Լյարդի եւ երիկամների չարորակ գոյացությունները 2 անգամ ավելի հաճախ են հանդիպում ճարպակալում ունեցող մարդկանց մոտ։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ՝ 1,5 անգամ ավելի հաճախ մարմնի ավելորդ զանգված ունեցողների մոտ։

Կաթնագեղձի քաղցկեղ՝ 1,5 անգամ ավելի հաճախ մարմնի ավելորդ զանգվածի դեպքում։

Վահանաձեւ գեղձի քաղցկեղ՝ 1,26 անգամ ավելի հաճախ ավերոլրդ քաշի եւ 1,3 անգամ ավելի հաճախ՝ ճարպակալման դեպքում։

Մասնագետը նշել է, որ կա մի քանի բացատրություն, թե ինչու է ճարպակալումն ավելացնում օնկոլոգիական հիվանդությունների հավանականությունը։

Նախ՝ ճարպային հյուսվածքը արտադրում է էստրոգենի ավելորդ քանակություն, որի բարձր մակարդակը առաջ է բերում կաթնագեղձի, ձվարանների, էնդոմետրիայի եւ այլ օրգանների քաղցկեղ։

Երկրորդ՝  ավելորդ քաշ ունեցող մարդիկ հաճախ արյան մեջ ինսուլինի եւ աճ-1-ի ինսուլինանման գործոնի բարձր մակարդակ են ունենում, ինչը կարող է նպաստել հաստ աղիի քաղցկեղի, երիկամների, շագանակագեղձի քաղցկեղի առաջացմանը։

Երրորդ՝ ավելորդ քաշ ունեցող մարդիկ հաճախ տառապում են քրոնիկական բորբոքային հիվանդություններով (լեղապարկի քարեր, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն եւ այլն)։ Այդ վիճակները հաճախ առաջ են բերում օքսիդատիվ սթրես, որը հանգեցնում է ԴՆԹ-ի ախտահարման եւ, մասնավորապես, մեծացնում է լեղուղիների քաղցկեղի առաջացման վտանգը։

Ճարպաբջիջներն արտադրում են նաեւ հորմոն-ադիպոկիններ, որոնք կարող են խթանել կամ ճնշել բջիջների աճը։

Մասնագետը նշել է, որ գիտնականները նկատել են նաեւ, որ փոխվում է այն պացիենտների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, որոնք ենթարկվել են բարիատրիկ վիրահատության (ստամոքսի փոքրացում)։

Պարզվել է, որ նիհարած մարդկանց մոտ նվազում է կաթնագեղձի, էնդոմետրիայի, հաստ աղիի եւ շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը։ Ցույց է տրվել, որ կանայք հետդաշտանային շրջանում, որոնց քաշը նազել է ավելի քան 5 տոկոսով, էապես քիչ են ենթակա էնդոմետրիայի քաղցկեղով հիվանդանալու վտանգին։ 



© NEWS.am Medicine