Տնային կենդանիների հետ համատեղ քնելը կարող է բարելավել քնի որակը. Հարցում

22:38   20 մայիսի, 2022

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գիշերը կատվին կամ շանը սեղմվելը կարող է իրականում բարելավել քունը, գրում է Daily Mail-ը:

Բրիտանական OnePoll ընկերությունը հարցում է անցկացրել ԱՄՆ-ում ընտանի կենդանիների 2000 սեփականատերերի շրջանում եւ պարզել, որ տասից յոթը կարծում է, որ ընտանի կենդանու հետ անկողնում լինելը օգնում է իրենց գիշերը քնել: Կեսը նույնիսկ ասել է, որ կատվի կամ շան կողքին լինելը նվազեցնում է սթրեսն ու անհանգստությունը:

Նոր հարցումը ցույց է տվել նաեւ, որ ընտանի կենդանիների տերերի կեսին ավելի հեշտ է հանգստանալ գիշերը, երբ շունը կամ կատուն նրանց կողքին է:

Իսկ հարաբերությունների մեջ գտնվող հարցվածների 58 տոկոսը նախընտրում է գիշերն իր ընտանի կենդանու, այլ ոչ թե զուգընկերոջ հետ անցկացնել:

«Ընտանի կենդանու կողքին լինելը կարող է զգալի հոգեբանական հարմարավետություն ապահովել, որը կարող է նպաստել ինչպես քնելուն, այնպես քնի պահպանմանը»,- ասում են Ռոչեսթերի Մայո կլինիկայի հետազոտողները:

Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ՝ տերերը նշել են, որ միջինը շաբաթական երկու գիշեր իրենց քունը խանգարվում է ընտանի կենդանու պատճառով։

Տասից վեցը ընտանի կենդանիներին մեղադրել են անկողնում իրենց գերտաքացնելու մեջ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանի կենդանիների ընկերակցությունը կարող է օգնել մարդուն քնել:

Անցյալ տարի հրապարակված հետազոտության ժամանակ երկու շաբաթ հետեւել են 13-17 տարեկան երեխաների քնի ռեժիմին, ընդ որում՝ նրանց մեկ երրորդը ընտանի կենդանու հետ է քնել:

Քնի հետազոտման 2018-ին անցկացված 17 մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ ընտանի կենդանիների հետ քնելը կարող է բարելավել մարդկանց հոգեկան առողջությունը:

Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն գիշեր քնել 7-9 ժամ, սակայն որոշ հաշվարկներով ամերիկացիների մեկ երրորդը չի կարողանում նման տեւողությամբ քուն ապահովել:

Որպես հետեւանք, նրանք ձեռք են բերում քրոնիկ, այդ թվում՝ սրտի հիվանդություններ, ճարպակալում եւ դեպրեսիա, ասում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը:

 



© NEWS.am Medicine