Ինչպիսի՞ ճնշումը կարող է վտանգավոր լինել

19:31   20 մայիսի, 2022

Մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն եւ խորհրդակցեն բժշկի հետ, եթե հանգստի ժամանակ զարկերակային ճնշումը չափելիս 130/80-ից բարձր թիվ է հայտնվում, ասել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի գլխավոր անկախ սրտաբան Ելենա Վասիլեւան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե հանգստի ժամանակ արյան ճնշումը չափելիս 130/80-ից բարձր թվեր են հայտնվում, ապա պետք է ուշադրություն դարձնել դրան եւ դիմել բժշկի։ Խորհուրդ, որը կարող եմ անմիջապես տալ բոլորին՝ սահմանափակեք աղի մթերքների օգտագործումը, սննդին աղ մի՛ ավելացրեք։ Զարկերակային հիպերտոնիան վտանգավոր է իր բարդություններով, ինչպիսիք են, առաջին հերթին, սրտամկանի սուր ինֆարկտը կամ ուղեղի արյան շրջանառության խախտումը»,- նշեց մասնագետը։

Նրա խոսքով՝ հաճախ զարկերակային հիպերտոնիան ախտանիշներով չի ուղեկցվում: Երբեմն արյան ճնշման բարձրացման դեպքում կարող է գլխացավ առաջանալ, հետո օրգանիզմը վարժվում է դրան ու դադարում արձագանքել, իսկ բարդությունների վտանգը չի նվազում։

Վասիլեւան հավելել է, որ սրտի համար վիտամիններ չկան։ Ցանկացած վիտամին պետք է խմել միայն բժշկի նշանակմամբ, քանի որ դրանց ավելցուկը պակաս վտանգավոր չէ:




© NEWS.am Medicine