Ի՞նչ խնդիրներ կան փոխնակ մայրության մասին օրենքում եւ ինչո՞ւ Հայաստանում շատ զույգեր չեն կարողանում երեխա ունենալ

11:45   21 մայիսի, 2022

36-ամյա Անին ու նրա ամուսինն արդեն մեկ տարուց ավելի փոխնակ մայր են փնտրում, քանի որ Անին ինքն առողջական խնդիրների պատճառով չի կարող երեխա ծնել։ Սակայն փոխնակ մայր գտնելը, որը նրանց համար երեխա կունենա, պարզվել է, այնքան էլ հեշտ չէ։ Նրանք բախվել են ոչ միայն ֆինանսական, այլեւ օրենսդրական խնդիրների։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անին (պացիենտի անունը փոխված է նրա խնդրանքով) ասաց, որ փոխնակ մոր ծառայությունները Հայաստանում շատ թանկ են, եւ շատ զույգեր չեն կարող իրենց դա թույլ տալ: Այդպիսի զույգերը փորձում են իրենց չծնված երեխայի համար փոխնակ մայր գտնել ընկերուհիների ու ազգականուհիների շրջանում։

Անին ունի եւ՛ ընկերուհիներ, եւ՛ ազգականուհիներ, որոնք տեսականորեն պատրաստ են նրա համար երեխա ունենալ, բայց պարզվել է, որ նրանք չեն կարող դա անել՝ գործող օրենքն արգելում։ Բանն այն է, որ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի համաձայն՝ փոխնակ մայր կարող է դառնալ միայն մինչեւ 35 տարեկան կինը, իսկ Անիի ընկերուհիները, որոնք համապատասխանում են փոխնակ մայրերին ներկայացվող այլ պահանջներին (առողջական խնդիրներ չունեն, արդեն ծննդաբերել են եւ այլն) տարիքով ավելի մեծ են։

Օրենքը թույլ է տալիս նաեւ զույգի ազգականուհիներին փոխնակ մայր դառնալ, եւ այստեղ տարիքային սահմանափակումներ չկան, բայց, ինչպես պարզվել է, կա «ազգակցական աստիճանի» սահմանափակում։

«Սկզբում մենք ուրախացանք, երբ իմացանք, որ մեր ազգականուհիներից մեկը կարող է մեզ համար փոխնակ մայր դառնալ, նույնիսկ եթե 35 տարեկանից բարձր լինի։ Բայց հետո պարզվեց, որ դա վերաբերում է միայն 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի արյունակցական կապ ունեցող ազգականուհիներին, իսկ դրանք մայր, քույր ու մորաքույր են»,- ասաց Անին։

Ո՛չ Անին, ո՛չ նրա ամուսինը հարազատ քույրեր չունեն, իսկ նրանց մայրերն ու մորաքույրները վաղուց դուրս են եկել վերարտադրողական տարիքից։ Կա զարմուհի, որը լիովին առողջ է, արդեն երեխաներ ունի եւ պատրաստ է եւս մեկ հղիության, բայց նա 38 տարեկան է, եւ նա համարվում է 4-րդ աստիճանի ազգական, այսինքն, ըստ օրենքի, նա ոչ մի կերպ չի կարող փոխնակ մայր դառնալ։

«Ես այնքան էլ չեմ հասկանում՝ որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը: Մեր օրենքներով մեր 60 տարեկան մայրերն ու մորաքույրները կարող են մեզ համար երեխաներ ունենալ, բայց չգիտես ինչու 38-ամյա զարմուհին չի կարող մեզ համար փոխնակ մայր դառնալ։ Մի՞թե ավելի հավանական չէ, որ 38-ամյա կինը հղիանա, քան 60-ամյա կինը: Մի՞թե 38 տարեկանի համար ռիսկերն ավելի ցածր չեն, քան 60 տարեկանի համար»,- նշեց Անին։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ վերարտադրողականության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ անցյալ տարի «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում արդեն կատարվել են որոշ փոփոխություններ, որոնք այն դարձրել են առավել առաջադեմներից մեկը՝ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում, սակայն հիմա էլ օրենքն իսկապես լրամշակման կարիք ունի։

«Անցյալ տարի մենք բազմաթիվ փոփոխություններ կատարեցինք այդ օրենքում, որպեսզի Հայաստանում կանանց հնարավորություն տանք երեխա ունենալ գրեթե ցանկացած իրավիճակում։ Այսօր մենք ունենք շատ առաջադեմ օրենք, եւ շատ բան, ինչ արդեն մեր օրենքով թույլատրված է, դեռեւս անհասանելի է նույնիսկ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում»,- նշեց մասնագետը։

Այսպես, նրա խոսքով, այսօր աշխարհում ոչ մի տեղ վերարտադրողական առողջության մասին օրենքները թույլ չեն տալիս միայնակ չամուսնացած կնոջը վարձել փոխնակ մայր, որն իր համար երեխա կունենա՝ բեղմնավորված դոնորական սերմնահեղուկից եւ դոնորական ձվաբջջից: Հայաստանում օրենքն արդեն դա թույլ է տալիս։

Երեկ՝ մայիսի 19-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց այն միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգն ու կազմը, որը թույլ կտա ապագա երեխայի կենսաբանական ծնողներ չհանդիսացող զույգերին եւ միայնակ կանանց օգտագործել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ եւ օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Այժմ արդեն ուժի մեջ կմտնեն վերարտադրողական առողջության մասին օրենքում 2021 թվականին կատարված փոփոխությունները, եւ այն մարդիկ, ովքեր ցանկանում են դիմել փոխնակ մոր օգնությանը, կկարողանան դա անել, եթե նույնիսկ նրանք չեն հանդիսանում այն երեխայի կենսաբանական ծնողներ, որով հղի է կինը։

Օրենքում անցյալ տարի կատարված փոփոխությունների շնորհիվ Հայաստանում միայնակ կինն ինքը կարող է դոնորական ձվաբջջից եւ սերմնահեղուկից բեղմնավորված երեխա կրել, թեեւ նախկինում դա հասանելի չէր։

«Նախկինում միայնակ կանայք կարող էին միայն դոնորական սերմնահեղուկին հասանելիություն ունենալ, մնացած ամեն ինչ օրենքը թույլ չէր տալիս։ Բայց եթե այդպիսի կանայք խնդիրներ ունեին ձվարանների հետ եւ չունեին սեփական ձվաբջիջներ, կամ եթե արգանդի հետ կապված խնդիրներ կային եւ իրենք չէին կարող հղիանալ, նրանք մեր մոտից ձեռնունայն էին գնում՝ մենք նրանց պարզապես չէինք կարողանում օգնել, քանի որ օրենքը թույլ չէր տալիս: Իսկ այժմ նրանք արդեն կարող են հասանելիություն ունենալ եւ դոնորական սերմնահեղուկին, եւ դոնորական ձվաբջջին, նույնիսկ փոխնակ մոր ծառայություններին»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը։

Նրա խոսքով, վերարտադրողական առողջության մասին գործող օրենքն իսկապես առաջադեմ է, եւ դրա նպատակը երեխա ունենալ ցանկացող բոլոր կանանց համար մայրանալու հնարավորություն ապահովելն է։

Սակայն դա չի նշանակում, որ օրենքն այսօր կատարյալ է, եւ բժիշկ Համբարձումյանը համաձայն է սրա հետ։

Նրա խոսքով, փոխնակ մոր տարիքային գործող սահմանափակումներն իսկապես խնդիր են, հատկապես հիմա, երբ փոխնակ մայրերի կարիքը երկրում զգալիորեն ավելացել է պետական ծրագրի ներդրման ֆոնին, որի շրջանակներում Արցախի պատերազմում որդուն կորցրած զույգերը ԱՄԲ (ЭКО) անելու եւ նույնիսկ պետական պատվերով փոխնակ մոր ծառայություններից օգտվելու հնարավորություն են ստանում։ Փոխնակ մայրեր գտնելը, հատկապես մինչեւ 35 տարեկան, այսօր գնալով ավելի է դժվարանում եւ՛ այս ծրագրի շահառուների, եւ՛ երեխաների մասին երազող բոլոր զույգերի համար։

Էդուարդ Համբարձումյանի կարծիքով, Հայաստանում փոխնակ մայրերի տարիքային շեմը պետք է հասցնել առնվազն 38-39 տարեկանի՝ կնոջ համար այս տարիքում փոխնակ մայրությունն առողջական առումով դեռ ընդունելի է, եւ նման որոշումը զգալիորեն կբարձրացնի պոտենցիալ փոխնակ մայրերի թիվը, եւ ավելի շատ զույգեր կկարողանան երկար սպասված երեխաների ծնողներ դառնալ: Բժիշկ Համբարձումյանն այս առաջարկով արդեն զեկույց է ներկայացրել առողջապահության նախարարություն եւ հույս ունի, որ մոտ ապագայում համապատասխան փոփոխություններ կկատարվեն վերարտադրողական առողջության մասին օրենքում։



© NEWS.am Medicine