ԱՄՆ-ում որոշել են 5-ից 11 տարեկան երեխաներին պատվաստել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափով

20:33   20 մայիսի, 2022

5-ից 11 տարեկան երեխաները պետք է COVID-19-ի դեմ Pfizer պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափ ստանան, հինգշաբթի հայտնել են ԱՄՆ կառավարության խորհրդականները, փոխանցում է Medical Xpress-ը:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնն անմիջապես ընդունել է փորձագիտական ​​խմբի առաջարկությունը՝ սկսելով COVID-19-ի երրորդ դեղաչափով պատվաստումը վերը նշված տարիքային խմբի առողջ երեխաների համար՝ ճիշտ այնպես, ինչպես դա արդեն խորհուրդ է տրվում բոլոր 12 տարեկան եւ բարձր երեխաների համար:

Հույս կա, որ հավելյալ պատվաստանյութը կամրապնդի պաշտպանությունը 5-ից 11 տարեկան երեխաների համար, քանի որ վարակման դեպքերի թիվը կրկին աճում է: Այս շաբաթվա սկզբին Սննդի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը հաստատել էր Pfizer մանկական պատվաստանյութի օգտագործումը, որը պետք է առաջարկվի վերջին ներարկումից առնվազն հինգ ամիս հետո:

Ինչ բերաբերում է 5-ից 11 տարեկան երեխաներին, ապա պարզ չէ, թե որքան մեծ կլինի վերապատվաստման պահանջարկը։ Այս տարիքային խմբի միայն մոտ 30 տոկոսն է ստացել Pfizer-ի պատվաստանյութի առաջին երկու դեղաչափերն այն բանից հետո, երբ այն հասանելի դարձավ նոյեմբերին:

Որոշումը նաեւ նշանակում է, որ 5-ից 11 տարեկան երեխաները, ովքեր խիստ թուլացած իմունային համակարգ ունեն, եւ պետք է ստանան առաջին երեք պատվաստումներ, իրավունք կունենան ընդունել նաեւ չորրորդ դեղաչափը:

Այժմ միասյն Pfizer-ը եւ գործընկեր BioNTech-ն են արտադրում COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը հասանելի է Միացյալ Նահանգներում բոլոր տարիքի երեխաների համար: 



© NEWS.am Medicine