Լավագույն 5 սովորություններ, որոնց հետեւում են առողջ խոլեստերին ունեցող մարդիկ

17:41   21 մայիսի, 2022

Խոլեստերինը արյան բարդ բաղադրիչ է. այն կարող է լինել «լավ» կամ «վատ», համապատասխանաբար նկատի ունենալով բարձր խտության լիպոպրոտեինները (ԲԽԼՊ) եւ ցածր խտության լիպոպրոտեինները (ՑԽԼՊ): Առաջին տեսակի գերազանցումը երկրորդի նկատմամբ լավ առողջության ցուցանիշ է, բայց երբ ՑԽԼՊ-ի մակարդակն ավելի բարձր է (համեմատած ԲԽԼՊ-ի հետ), դա կարող է սրտային հիվանդությունների բարձր ռիսկի ցուցանիշ լինել, գրում է «ՄեդիկՖորում»-ը։

Բժիշկները խորհուրդ են տալիս հետեւել որոշ սովորությունների, որոնք օգնում են պահպանել խոլեստերինի առողջ ցուցանիշներն օրգանիզմում:

Ամեն օր պետք է բջջանյութ օգտագործել: Մի քանի ուսումնասիրությունների համաձայն՝ օրական 3-4 գրամ լուծվող բջջանյութ օգտագործելը օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը գրեթե 10 տոկոսով։ Ուստի ամենօրյա սննդակարգում պետք է առկա լինեն ամբողջահատիկներ, հատապտուղներ, մրգեր, ընկուզեղեն եւ սերմեր:

Պետք է խուսափել քաղցր ըմպելիքներից։ Մարդկանց շրջանում, որոնք սովոր են գազավորված քաղցր ըմպելիքներ խմել, խոլեստերինի բարձր մակարդակը լուրջ առողջական խնդիր է: Իր հերթին, այն պացիենտների շրջանում, որոնք ունեն առողջ խոլեստերինի մակարդակ, չկա կախվածություն քաղցր ըմպելիքներից՝ փաթեթավորված հյութերի, կոկտեյլների, քաղցր թեյի կամ սուրճի, գազավորված ըմպելիքների տեսքով:

Պետք է ընկուզեղեն ուտել։ Ամեն օր մի բուռ ընկույզ ուտելը սրտանոթային համակարգը լավ վիճակում պահելու լավագույն սովորություններից է։ Մասնավորապես, հունական ընկույզը բժշկության մեջ նշվում է որպես օմեգա-3 ճարպաթթուների ամենաառողջ աղբյուրներից մեկը, որն օգնում է պահպանել խոլեստերինի առողջ մակարդակը:

Պետք է ձուկ ուտել։ Յուղոտ ձկները, ինչպիսիք են ծովատառեխը, սկումբրիան, սաղմոնը, սարդինան, օմեգա-3 ճարպերի լավ աղբյուր են, որոնք նվազեցնում են արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը:

Կարեւոր է բուսական սպիտակուցների օգտագործումը։ Լավ առողջություն ունեցող մարդիկ չափավոր քանակի միս են ուտում, սակայն նրանց սննդակարգում շատ սպիտակուց կա: Սպիտակուցների բուսական աղբյուրները, ինչպիսիք են տարատեսակ ընդեղենը, ընկուզեղենը եւ արեւածաղկի սերմերը, տոֆուն ու որոշ ձավարեղեններ, այդ առումով հիանալի հավելումներ են սննդակարգում:



© NEWS.am Medicine