Գիտնականները մարդուն գենամոդիֆիկացված խոզի երիկամի հաջող փոխպատվաստում են կատարել

13:10   23 մայիսի, 2022

Երկար ժամանակ գիտնականները փնտրում էին մարդու օրգանների փոխպատվաստման համար ամենահարմար փոխարինում։ Գենետիկ մոդիֆիկացված կենդանիների, հատկապես խոզերի աճեցումը գիտությունը մոտեցրել է բաղձալի նպատակին։

Վերջին հետազոտություններից մեկում, որը հրապարակվել է The New England Journal of Medicine ամսագրում, գիտնականներին հաջողվել է աճեցնել խոզերի այնպիսի տեսակ, որոնց մոտ որոշակի գեներ ապաակտիվացված են եղել, ինչը գրեթե զրոյի է հավասարեցրել  դոնոր-օրգանի վանումն օրգանիզմի կողմից։

Գենամոդիֆիկացված խոզերի երիկամի հետազոտությունն իրականացվել է երկու պացիենտի վրա, որոնց ախտորոշվել է ուղեղի մահ։ Ընդ որում՝ հետազոտության մասնակիցների համար սարքերի օգնությամբ ապահովել են շնչառական եւ արյան շրջանառության համակարգերի աշխատանքը։

Երիկամների փոխպատվաստման վիրահատությունից հետո հետազոտողները վերսկսել են արյան շրջանառության աշխատանքը, եւ մի քանի վայրկյան անց գրանցվել է միզարտադրություն։ Նշվել է նաեւ, որ ամբողջ հետազոտության ընթացքում, որը տեւել է 54 ժամ, գրանցվել է երիկամների աշխատանքի ցուցիչների բարելավում՝ առանց օրգանիզմի կողմից դրանք վանելու նշանների։



© NEWS.am Medicine