Ո՞ր սննդային սովորությունն է քաղցկեղ առաջացնում

18:31   24 մայիսի, 2022

Բժշկական գիտությունների դոկտոր, «ՍՄ-Կլինիկա» ուռուցքաբանական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Սերյակովը «Իզվեստիա»-ին ասել է, որ ժամանակակից մարդու սննդակարգում գերակշռող գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների օգտագործումը քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ է ստեղծում։

«Ժամանակակից սննդակարգում գերակշռում է կոնսերվանտներով, կայունացուցիչներով սնունդը։ Մարդիկ հաճախ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ են ուտում, որոնց օգտագործումը կարող է մարսողական համակարգի ուռուցքաբանության զարգացման հանգեցնել: Բնապահպանական վիճակի վատթարացումը եւս ազդում է քաղցկեղի առաջացման վրա»,- ասել է բժիշկը։

Մասնագետի խոսքով՝ քաղցկեղի առաջացման վրա տարբեր գործոններ են ազդում, այդ թվում՝ ալկոհոլի չարաշահումը, ծխելը։

Բժիշկը նաեւ թվարկել է քաղցկեղի ամենատարածված տեսակները: Այդպես, նրա խոսքով, տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է թոքի, շագանակագեղձի, ստամոքսի, կերակրափողի, միզապարկի եւ հաստ աղիքի քաղցկեղը։ Կանանց մոտ՝ կրծքագեղձի, հաստ աղիքի, մաշկի, արգանդի վզիկի եւ ստամոքսի քաղցկեղը։

Ուռուցքաբանն ընդգծել է, որ մինչեւ 40 տարեկան յուրաքանչյուր մեծահասակ պետք է 3 տարին մեկ անգամ, իսկ 40 տարին անց՝ տարին մեկ անգամ, համալիր հետազոտություն անցնի, փոխանցնում է «Մոսկվա 24»-ը։



© NEWS.am Medicine