Մինչեւ 2099 թվականը մարդիկ քնի մոտ 58 ժամ կկորցնեն․ հետազոտություն

09:44   25 մայիսի, 2022

Մինչեւ 2099 թվականը գլոբալ տաքացման պատճառով ամբողջ աշխարհում մարդիկ, ամենայն հավանականությամբ, տարեկան քնի 50-58 ժամ կկորցնեն, ցույց է տվել One Earth ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը:

Հետազոտողները միջինը վեց ամսվա ընթացքում 68 երկրներից ավելի քան 47 000 մեծահասակների քնի տեւողությունը եւ քնի ժամանակը չափելու համար ներքին աքսելերոմետրերով ձեռքի ապարանջաններ են օգտագործել:

Ըստ Քնի ազգային հիմնադրամի՝ մեծահասակները պետք է քնեն 7-9 ժամ: Յոթ ժամից պակաս քնելու հնարավորությունը մեծացել է 3,5 տոկոսով, եթե դրսում գիշերային նվազագույն ջերմաստիճանը գերազանցել է 77 աստիճանն ըստ Ֆարենհեյթի (25 աստիճան ըստ Ցելսիուսի)՝ համեմատած ըստ Ֆարենհեյթի 41-50 աստիճան (5-10 աստիճան ըստ Ցելսիուսի) բազային ջերմաստիճանի հետ:

Մեկ գիշերն ըստ Ֆարենհեյթի 86 աստիճանում (30 աստիճան ըստ Ցելսիուսի) քնի ժամանակը մեկ անձի համար կրճատում է մոտ մեկ քառորդ ժամով, ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Կոպենհագենի համալսարանի Սոցիալական տվյալների կենտրոնի դոկտորանտ Քելթոն Մինորը:

Սակայն տարեցները երկու անգամ ավելի շատ քուն են կորցրել տաքացման մեկ աստիճանի համար, քան երիտասարդները եւ միջին տարիքի մեծահասակները: Ավելին, նրա խոսքով, քնի կորուստը երեք անգամ ավելի մեծ է եղել ցածր եկամուտ ունեցող տարածքներում տարեցների մոտ՝ համեմատած բարձր եկամուտ ունեցող տարածքների հետ: Կանայք նաեւ մոտ 25 տոկոսով ավելի շատ են տառապել ջերմաստիճանի բարձրացումից, քան տղամարդիկ, հավելել է Մինորը։

Հետազոտողները նաեւ ապացույցներ են գտել, որ ավելի տաք կլիմայի պայմաններում ապրող մարդիկ մեկ աստիճանի համար ավելի շատ քուն են կորցնում, քան նրանք, ովքեր ապրում են ավելի ցուրտ կլիմայական պայմաններում, եւ որ մարդիկ ավելի լավ են հարմարվում ավելի ցուրտ, քան ավելի շոգ կլիմային: Ավելի տաք վայրերում քնի նման մեծ կորուստը խոսում է այն մասին, որ մարդիկ չեն կարողանում հեշտությամբ հարմարվել ավելի տաք ջերմաստիճանին, նշել է գիտնականը։



© NEWS.am Medicine